Մատչելիության հղումներ

Երկու երկրների միջև ավելի քան վեց տարի շարունակված սառը պատերազմն անցյալում է:

Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանը քվեների 209 կողմ 16 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված պայմանագիրը:

Դրա համաձայն Իսրայելը 20 միլիոն ամերիկյան դոլարի միանվագ փոխհատուցում կվճարի 2010-ին` Mavi Marmara նավի դեմ իրականացված հարձակման զոհերի իրավահաջորդներին:

Իսրայելցի հատուկ ջոկատայինները 2010-ի մայիսին գրոհել էին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող այս նավը`սպանելով ուղևորներից 10-ին: Համաձայնագրով Թուրքիան նաև իրավունք կստանա սահմանափակ քանակությամբ օգնություն տրամադրել իսլամական «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի բնակչությանը:

Թուրքիայում համոզված են, որ եկել է երկկողմ հարաբերությունների այս սև էջը վերջնականպես թերթելու ժամանակը, ինչը ձեռնտու է թե՛ Անկարային և թե՛ Երուսաղեմին:

«Իսրայելի անվտանգությունը կախված է Թուրքիայից: Իսրայելը շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված բազմաթիվարաբական, իսլամական պետություններով, չի կարող իրեն թույլ տալ վատ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Բացի այդ Միջերկրական ծովում գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել, և Իսրայելը ցանկանում է մասնակցել էներգակիրների արդյունահանմանը: Իսկ բնական գազի դեպի Եվրոպա արտահանման ամենակարճ և անվտանգ ուղին անցնում է Թուրքիայով». - հայտարարում էր թուրքական խորհրդարանի պատգամավոր Բուրհան Քուզուն:

Իսրայելի իշխանություններն արդեն իսկ ողջունել են թուրքական խորհրդարանի որոշումը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ երկկողմ հարաբերությունների նախաճգնաժամային մակարդակին:

«Իսրայելը ողջունում է թուրքական խորհրդարանի կողմից կայացված որոշումը: Մենք կարծում ենք, որ սա հարաբերությունների բարելավման առաջին փուլն է միայն: Հուսով ենք, որ շատ շուտով երկու երկրները իրենց դեսպաններին կնշանակեն` համապատասխանաբար Անկարայում և Երուսաղեմում: Դա թույլ կտա մեզ շարունակական ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ». - կիրակի օրը հայտարարում էր Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նաշոնը:

XS
SM
MD
LG