Մատչելիության հղումներ

Զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» համագյուղացիները պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում մեզ հանդիպած բնակիչներն ասացին՝ գյուղապետի 4 թեկնածուներից Արայիկ Խանդոյանին են նախընտրում:

Իշխող Հանրապետական կուսակցությունն այս համայնքում սատարելու է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանին: Առաջադրվել են նաև ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանն ու անկուսակցական Նորիկ Հակոբյանը:

Ընտրատարածքային հանձնաժողովը ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների գրանցումը կավարտի հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ասում է` կիսատ գործեր շատ ունի, առաջադրվել է, որ դրանք ավարտին հասցնի: Պատմեց` շատ բան է արել գյուղի համար, իր ղեկավարման օրոք մանկապարտեզ է կառուցվել, դպրոց ու սպորտդահլիճ վերանորոգվել, բնակելի շենք կառուցվել անօթևանների համար, փողոցներ են լուսավորել, մեր այցելության պահին էլ գյուղի գերեզմանոցի տարածքն էին ընդլայնում: Ասաց 4 տարի առաջ 2400 դրամ է եղել բյուջեում, երբ ընտրվել է: Արայիկ Խանդոյանն, ասաց, իր ընկերն է, մրցակից է համարում բոլոր 3 թեկնածուներին: Կհաղթի, թե չէ` չգիտի: Տեսախցիկի առջև որոշեց ողջունել Արայիկ Խանդոյանին. - «Մեր մոտ շատ ազատ, հանգիստ ընթանումա ընտրությունները: Ինքը լավ տղա է, ես չէի պատկերացնում` ինքը էդ քայլի կգնար: Բարևում եմ մեր Խանդոյանին, ցանկանում եմ հաջողություններ, Արայիկ ջան, առողջություն քեզ, ախպերս»:

Երվանդ Խաչատրյանը նեղսրտեց՝ մամուլում տարածել են լուրեր, թե ինքն իր վաղեմի ընկերոջ` Արարատ Խանդոյանի դեմ ցուցմունք է տվել, ասաց՝ ինքը միայն քննիչի ցույց տված կադրում ճանաչել է Արարատ Խանդոյանին ու վերջ:

ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Հակոբյանը գործող գյուղապետի 4 տարվա աշխատանքի մասին այլ կարծիք ունի, ասաց` հարցականներ շատ կան, դրանով պետք է իրավապահները հետաքրքրվեն:

«Էսօր իրա բյուջեն 53 միլիոնա, աշխատավարձի ֆոնդ իրանք լավ էլ գիտեն ինչքանա: Էն մնացածը թող ստուգեն, ստուգեն, տեսնեն ինչա կատարվել», - ասաց թեկնածուն:

Եթե ԿՀԸ-ն գրանցի Արայիկ Խանդոյանի թեկնածությունը, Աշոտ Հակոբյանը պատրաստ է ինքնաբացարկ հայտարարել ու աշխատել «Միայնակ գայլի» օգտին: Ընտրությունները դեռ չսկսված` Հակոբյանը գյուղում տիրող վախի մթնոլորտի մասին է խոսում. - «Ոստիկանապետը բացահայտ հայտարարումա, որ մեր հանրապետականի թեկնածունա անցնելու: Սահմանադրություն, բան` ոտքերի տակ են գցել: Եթե ոստիկանապետը նման բան հայտարարումա` եզրակացությունները թողնում եմ ձեզ»:

Գործող գյուղապետը գյուղում ընդդիմադիր չի տեսնում, ԲՀԿ-ական թեկնածուն էլ ասում է՝ ինքը ընդդիմություն է, ու եթե իշխող կուսակցությունը կաշառք չբաժանի՝ Արայիկ Խանդոյանը կհաղթի: Իսկ, թե հաղթելու դեպքում կալանավորված Խանդոյանն ինչպե՞ս է համայնք ղեկավարելու՝ Աշոտ Հակոբյանն ասաց՝ դա անհնար բան չէ:

XS
SM
MD
LG