Մատչելիության հղումներ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բազմանդամ ընտանիքով Մարտակերտից Աբովյան տեղափոխված Սիրանույշ Խաչատրյանն ասում՝ պատերազմի վախը դեռ չեն հաղթահարել

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բազմանդամ ընտանիքով Մարտակերտից Աբովյան տեղափոխված Սիրանույշ Խաչատրյանը օրերս է այցելել հայրենի քաղաք, սակայն, ասում է՝ դեռ չեն ծրագրում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:

«Ես այդ օրը չկարողացա հանգիստ մնալ, վախ կար մեջս, առաջին պատերազմի ժամանակ էլ մանուկ էի, գաղթել ենք մեր տնից։ Այդ վախերը մինչև հիմա կան։ Այս տարի դեռ կմնանք էստեղ։ Մի օր էստեղ սալյուտ պայթեց, ոտքերս թուլացան», - պատմում է 34-ամյա կինը:

Երեխաներից ավագը՝ 13-ամյա Մանանան, անկեղծանում է՝ ասում է չի ուզում նորից հիշել այդ օրերը, բայց և շատ է ուզում ետ գնալ Մարտակերտ:

«Մի երկու ժամ՝ մինչև մեր գնալը, լացում էր, ասում էր՝ դուք չե՞ք կարոտել, չե՞ք ուզում գնալ: Բա դուք չե՞ք մտածում, որ ընդեղ բարեկամներ ունեք, տուն ունեք, տեղ ունեք», - պատմում է երեխայի մայրը:

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Խաչատրյանների հարևանի տունն էր պայթեցվել: Հենց այդ պահին էլ որոշեցին դուրս գալ քաղաքից։ Մարտակերտից տեղափոխվել են Ստեփանակերտ, մեկ ամիս ապրել բարեկամներից մեկի տանը։ Այնուհետև ընտանիքը եկել է Երևան, որտեղ մատչելի գնով տուն չգտնելուց հետո որոշել է բնակություն հաստատել Աբովյանում:

Յոթ անչափահաս երեխաների մայրն ասում է՝ քառօրյա պատերազմից հետո ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, ինը հոգով ապրում են մեկ սենյականոց բնակարանում, որի վարձը մեծ դժվարությամբ են մուծում: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ընտանիքի մայրը չգիտի ինչպես հոգալ դպրոցական ծախսերը:

«Փառք Աստծո, ճիշտն ասած սնունդ են բերել մեզ: Հիմա հիմնականում տան վարձնա նեղում մեկ էլ երեխաների դպրոցի շորեր-բան», - ասում է Խաչատրյանը:

Խաչատրյանների վարձակալած տանը սկզբում ոչ մի գույք չի եղել, մահճակալներն էլ տեղի գիշերօթիկ դպրոցի տնօրենն է նվիրել։ Սիրանույշը պատմում է, որ դժվար պահերին իրենց օգնության ձեռք են մեկնել մի քանի անհատ բարերարներ․ - «Մարդիկ հայտնվեցին, որոնք օգնեցին, հեռուստացույց բերեցին մեզ համար, լվացքի մեքենա, սառնարան ունեցանք, ինչի համար շնորհակալ եմ բոլորից»:

Ընտանիքի հայրը, ով ավտոմեխանիկ է, այժմ աշխատանք է փնտրում, 40-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, կինն ասում է՝ կարող է իր գործով զբաղվել, սակայն մինչ օրս աշխատանքի փնտրտուքները արդյունք չեն տվել:

7 անչափահաս երեխաների մայրը մի ցանկություն ունի. խաղաղություն է ուզում, որպեսզի վերադառնա իր տունը՝ Մարտակերտ։

Առջևում ձմեռ է, և ընտանիքն արդեն մտահոգված է ջեռուցման հարցով։ Սիրանույշն ասում է՝ պետական կառույցներից երբևէ որևէ աջակցություն չեն ստացել, արդեն չեն էլ ակնկալում։ Կնոջ խոսքով՝ և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի իշխանությունները միայն հորդորում են ետ վերադառնալ իրենց տները։

Աբովյանի սոցիալական ապահովության տարածքային ծառայության պետ Զինավոր Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի տարբեր բնակավայրերից, հիմնականում Մարտակերտից, Թալիշից, Մատաղիսից շուրջ 30 ընտանիք է տեղափոխվել Աբովյան: Նրանց մեծ մասն, ըստ պաշտոնյայի, վերադարձել է Լեռնային Ղարաբաղ:

XS
SM
MD
LG