Մատչելիության հղումներ

Բնակիչները դեմ են 7 շենք սպասարկող պոմպակայանի ապամոնտաժմանը


Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչները

Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչները

Երևանի Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչները դեմ են իրենց և հարակից 6 շենքերը սպասարկող պոմպակայանի ապամոնտաժմանը և վերջինիս տարածքում շինություն կառուցելուն։

Նրանց պնդմամբ՝ պոմպակայանի ապամոնտաժումը և գետնի մակարդակից բարձր տեղում կառուցելը մեծ խնդիրներ կառաջացնի 7 շենքերի բնակիչների համար։ Բնակիչները վստահեցնում են նաև, որ տարածքն ապօրինի աճուրդով է գնվել և գնորդը պատրաստվում է այդտեղ 3-4 հարկանի գարեջրատուն կառուցել։

7 շենքերի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ցույց անցկացրեցին ընդդեմ պոմպակայանի ապամոնտաժման և տարածքում նախատեսվող շինարարության։ Վերջիններիս բողոքը լսելու էր գնացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը։ Նա վստահեցրեց բնակիչներին, որ տարածքում որևէ ապօրինի շինարարություն տեղի չի ունենալու և առանց բնակիչների համաձայնության որևէ քայլ չի կատարվելու։

Ինչ վերաբերում է պոմպակայանի ապամոնտաժմանը, Հրայր Անտոնյանն ասաց. - «381 պոմպակայան է կառուցվել 1 տարվա ընթացքում պետական ծրագրի շրջանակներում։ 24 ժամ ջուր ունենալու համար պետք է նոր պոմպակայաններ տեղադրել։ Հիմա այդ պոմպերը տեղադրվում են ավելի լավ տեղ, որպեսզի դրանք ձեզ երկար ծառայեն»։

Հակադարձելով պաշտոնյային՝ բնակիչներն ասացին, որ չեն հավատում վերջինիս խոսքերին, քանի որ տարածքի սեփականատերը մի քանի անգամ հայտարարել է, որ միևնույն է՝ տարածքում կառուցվելու է այն, ինչ ինքն է ուզում։

Բնակիչների բողոքի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է հղել, որում ասվում է, որ նախատեսված շինության տարածքի սեփականաշնորհումն ապօրինի է, որովհետև այդ պոմպակայանը պատկանում է բազմաբնակարան շենքերին և դա իրենց սեփականությունն է ու առանց իրենց համաձայնության իրավունք չունեին այն սեփականաշնորհել մեկ ուրիշին։ «Ազատության» հետ զրույցում վիճահարույց տարածքի սեփականատերն ասաց, որ պատրաստվում է գեղեցկության սրահ կառուցել այնտեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG