Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»․ Հայաստանում իշխանությունը օգտագործվում է հարստանալու համար


 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

Արձագանքելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ երեկ կառավարության նիստում ունեցած ելույթին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր ասաց, որ չնայած Հայաստանում իշխանությունների կողմից շարունակ հայտարարվող հակակոռուպցիոն պայքարին, նախորդ մեկուկես տասնամյակում այդ ուղղությամբ ոչ միայն որևէ առաջընթաց չկա, այլ իշխանությունն օգտագործվում է հարստանալու համար:

«Ես վստամ եմ, որ Հատուկ քննչական ծառայությունում ինտերնետ կա, և Հատուկ քննչական ծառայությունը ծանոթ է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի սայթին: Որովհետև կան բաներ, որտեղ արդեն պետք է խառնվեն իրավապահ մարմինները: Այսինքն, երբ որ դու տեսում ես, ասենք, տարօրինակ նվիրատվություններ այդ հայտարարագրերում և այլն, կարելի է փորձել հետևել, և նույն այդ քննչական մարմինները փորձեն հասկանալ, եթե ունեն քաղաքական կամք, ու եթե անձերը նշանակություն չունեն, այսինքն օրենքն է գերիշխում, և ոչ թե այն, որ դա նախագահ է, նախարար է և այլն, փորձեն հասկանալ և պարզել, թե որտեղից այդ գումարները»:

Հանրությանն անհայտ անձանց կողմից Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին արվող բազմամիլիոն նվիրատվությունները վաղուց նորություն չեն: Թերևս ամենատպավորիչ օրինակներից մեկը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանինն է, ով 2008 թվականից Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն էր, և այս տարի մարտին նշանակվեց իր ներկայիս պաշտոնին:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նախորդ հինգ տարիներին Հովսեփյանը ստացել է ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն ու երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր: Լրատվամիջոցների հրապարակումներից հետո միայն պաշտոնյան հայտարարեց, որ նման շռայյլ նվիրատվություններ կատարողը Մոսկվայում բնակվող իր եղբայրն է՝ հրաժարվելով, սակայն, նշել, թե եղբայրն ինչպես է վաստակել միլիոնները:

Իր երեկվա ելույթում Արդարադատության նախարարը ընդգծեց, որ հետայսու պետգնումներին մասնակցող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին․ - «Պետական գնումների գործընթացին մասնակցել ցանկացող որևէ կազմակերպություն մասնակցելու ժամանակ պիտի ներկայացնի իր իրական սեփականատերերին: Խոսքը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող իրական սեփականատերերին»:

Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները, ըստ որոնց բարձրաստիճան պաշտոնյաները իրենց իսկ գլխավորած պետական գերատեսչությունների կողմից արվող գնումները կատարում են իրենց ազգականներին, անգամ ընտանիքի անդամին պատկանող ընկերություններից:

2015 թվականի մայիսին «Սիվիլնեթի» հրապարակումից հայտնի դարձավ, որ Ֆինանսների նախարարությունը 2014-ին շուրջ 9 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Հայկ Խաչատրյանին պատկանող ընկերության հետ:

Օրերս, «Հետք» պարբերականը հանդես եկավ աղմկահարույց հրապարակմամբ, ըստ որի Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունը միլիոնավոր դրամների գնումներ է կատարել նույն այդ ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդուն՝ Վազգեն Հարությունյանին պատկանող ընկերություններից:

Մինչդեռ այդքան էլ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը, ում անվտանգության ապահովմամբ, ի դեպ, զբաղվում է նույն Հրաչյա Հարությունյանը, հայտարարեց, որ «գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

Վերոհիշյալ պետգնումները և նախագահ Սարգսյանի այս հայտարարությունը այսօր հիշեցրեցինք Վարուժան Հոկտանյանին և խնդրեցինք արձագանքել: «Խոսքը գործ չի դառնում», - ասաց Հոկտանյանը՝ շարունակելով․ - «Հայաստանում հաստատվել է օլիգարխիկ համակարգ, և մեր երկրում գործ ունենք կոռուպցիայի ամենատհաճ տեսակներից մեկի հետ, որը կոչվում է պետության զավթում: Մենք տեսնում ենք իսկապես ոչ մի փոփոխություն՝ 2003-ին, երբ որ կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակվեց, ու մինչև այսօր: Եղել են փոքր տատանումներ, բայց այն, ինչ Վրաստանում մենք տեսանք՝ որակական և քանակական կտրուկ փոփոխություններ, դա մենք չենք տեսնում»:

XS
SM
MD
LG