Մատչելիության հղումներ

Ուկրաինան հրապարակել է Մանաֆորտի վճարումների մասին փաստաթղթերը


Այսօր հրապարակվել են ուկրաինական «Ռեգիոնների» կուսակցության գաղտնազերծված հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են 12,7 միլիոն դոլարի չափով վճարումներ՝ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտի անունով։

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Մանաֆորտը օգնել է ռուսամետ կուսակցությանը առնվազն 2,2 միլիոն դոլարի չափով գաղտնի փոխանցումներ անել վաշինգտոնյան լոբբիին։

Մանաֆորտը Yahoo News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը սուտ է։

Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն, որը ստեղծվել է 2014 թվականին առանձնակի խոշոր կոռուպցիոն գործերի քննության նպատակով, ուսումնասիրում է «Ռեգիոնների» կուսակցության «սև հաշվապահությունը», որը իշխանությունների կարծիքով, արտացոլում է տարբեր մասնավոր անձանց առձեռն վճարումները։

Ուրբաթ օրը Բյուրոն հրապարակել է 19 էջից բաղկացած նյութեր, որոնցում Մանաֆորտի անունը նշված է որպես ծախսերի վերջնական ստացող՝ ընդհանուր առմամբ 12,7 միլիոն դոլարի չափով։ Միևնույն ժամանակ Բյուրոն հայտարարել է, որ չեն կարող ապացուցել․ իսկապե՞ս Մանաֆորտն է ստացել փողը, քանի որ նրա փոխարեն փաստաթղթերում ստորագրել է «Ռեգիոնների» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Սյունակներից մեկում ձեռագիր նշումներ կան վճարումների նպատակների մասին, որոնց թվում կան այնպիսի ենթավերնագրեր, ինչպիսիք օրինակ՝ «Մանաֆորտի ծառայությունների վճարում» և «Մանաֆորտի պայմանագրով վճարում»։ Դրանք վերաբերում են 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG