Մատչելիության հղումներ

Խանդոյանը հայտարարում է. «Իշխանությունները խոչընդոտում են իմ ընտրական իրավունքի իրացումը»


Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյանը ցանկանում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

«Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով երեկ բանտից հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (Քրեակատարողական հիմնարկի) վարչակազմը և ՀՔԾ-ն (Հատուկ քննչական ծառայությունը) չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին»։

«Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանություններն ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը», - գրել է Խանդոյանը՝ շարունակելով. - «Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել՝ օրինականության հաստատման վերաբերյալ։ Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ Անկախ Հայաստանը»։

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ արդեն ավելի քան երեք օր է լիազորագրի հարցը տարբեր պատճառներով լուծում չի ստանում։

«Խանդոյանը ցանկանում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին և ցանկանում է իր վստահված անձին լիազորել՝ այդ գործընթացները կազմակերպելու համար։ Սակայն ավելի քան երեք օր է, այդ լիազորագրի հարցը տարբեր պատճառներով լուծում չի ստանում։ Չեմ կարող ասել միտումնավոր, թե ոչ, բայց ամեն դեպքում երրորդ օրն է խնդիրը չի լուծվել։ Այսօր վերջին օրն է, հույս ունենք, որ հնարավորինս շուտ լիազորագրի հարցը կլուծվի և Արայիկ Խանդոյանի իրավունքները չեն խախտվի», - ասաց պաշտպանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում Խանդոյանը չի կարող իր ընտրական իրավունքն իրացնել։

«Սակայն ուզում ենք հավատալ, որ իրավասու մարմինները խոչընդոտ չեն ստեղծի, որպեսզի նա սահմանադրական իրավունքից օգտվի», - ասաց Պապիկյանը։

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։

XS
SM
MD
LG