Մատչելիության հղումներ

Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունները առաջիկա 10 օրերի ընթացքում ավագանու անդամների ցուցակներն են ներկայացնելու ընտրատարածքային հանձնաժողով։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին։

«Միշտ էլ իշխանության կամ կոալիցիայի մեջ գտնվող ուժի համար դժվարություններ կան։ Բայց գյումրեցու համար աշխատում ենք, գյումրեցուն էլ խնդրելու ենք, որ մեզ ձայն տա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գյումրիում Դաշնակցության ցուցակը գլխավորող, Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ Գյումրիում իր ցուցակը գլխավորելու է նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Վարդևան Գրիգորյանը։ Վերջինս հիշեցնում է Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները՝ Գյումրիում ԲՀԿ-ն 12,000-ով ավելի քվե էր ստացել իշխող Հանրապետականից։ Թեկնածուն վստահ է, որ հաղթելու է․ - «Ես քաղաքապետարան մտնելու եմ միայն քաղաքապետի կարգավիճակով, մյուս բոլոր դեպքերում ես տանը կնստեմ՝ ո՛չ որպես ավագանու անդամ, ո՛չ որպես գործադիր իշխանության անդամ՝փոխքաղաքապետ կամ նման բան»։

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Գյումրիում նոր քաղաքական ուժեր են գրանցվում, որոնք քաղաքապետի աթոռի համար պայքարի մեջ են մտնում։ Դրանցից են նորաստեղծ «ԳԱԼԱ» և «Գործարար» կուսակցությունները։

Որքան շատ քաղաքական ուժ մասնակցի, այնքան ավելի ուժեղ կլինի վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ, կարծում է Վարդևան Գրիգորյանը։

«Դրական է, որ այդ կուսակցությունները վերահսկողություն կսահմանեն ընտրությունները օբյեկտիվ, արդար անցկացնելու համար», - կարծիք հայտնեց նա։

XS
SM
MD
LG