Մատչելիության հղումներ

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը սառեցնում է իր լիազորությունները


Միջազգային օլիմպիական շարժման ամենաազդեցիկ գործիչներից մեկը` Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Իռլանդիայի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքին, սառեցնում է իր լիազորությունները մինչև բրազիլական ոստիկանությունը ավարտին կհասցնի նրա դեմ ներկայացված մեղադրանքների հետաքննությունը:

Հիքին ձերբակալվել էր երեկ` Ռիոյի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում: Միջազգային օլիմպիական կոմիտեի ամենաազդեցիկ անդամներից մեկը համարվող Հիքին կասկածվում է խաղերի առնվազն 800 տոմսերի վերավաճառքը կազմակերպվելու մեջ:

BBC-ի տեղեկություններով, ձերբակալության պահին Հիքին փախուստի անհաջող փորձ է կատարել: Բրիտանական հեռուստաընկերությունն այսօր հրապարակել է Հիքիի ձերբակալության օպերատիվ տեսագրությունը, որից պարզ է դառնում, որ մարզական պաշտոնյայի համար ոստիկանության գործողությունները կատարյալ անակնկալ էին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ ձերբակալությունից անմիջապես հետո իռլանդացի մարզական չինովնիկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Ռիոյի հիվանդանոցներից մեկը:

Բրազիլական լրատվամիջոցների տեղեկություններով, Պատրիկ Հիքիի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել THG Sports ընկերության ղեկավար Քևին Ջեյմս Մելոնի գործի հետաքննության շրջանակներում:

Մելոնն ու նրա բրազիլացի թարգմանիչը ձերբակալվել էին Օլիմպիական խաղերի բացման օրը: Բրազիլացի իրավապահների պնդմամբ, նրանք խաղերին մուտքի յուրաքանչյուր տոմսը վերավաճառում էին 7 հազար 800 դոլարով: Բրազիլական աղբյուրները չեն բացառում, որ այդ տոմսերը նրանց է փոխանցել հենց Պատրիկ Հիքին:

Իռլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ուիլ Օ’Բրայենը անցած գիշեր հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ հիվանդանոցում ոստիկանական հսկողության տակ գտնվող Հիքիի հետ կապը սահմանափակ է, սակայն նրա գործընկերները չեն պատրաստվում հանձնվել։

«Մենք պաշտպանվելու ենք հնարավոր բոլոր միջոցներով», - հայտարարել է Օ'Բրայենը:

Ձերբակալված Պատրիկ Հիքին անցած տարի Բաքվում կայացած Եվրոպական խաղերի գլխավոր կազմակերպիչներից ու պատասխանատուներից մեկն էր: Այդ խաղերը ևս ուղեկցվում էին կոռուպցիոն սկանդալներով։

«Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ դրանց նախապատրաստման փուլում արդեն խոսում էին մինչև մի քանի միլիարդ դոլարի հափշտակման մասին:

«Միայն Եվրոպական խաղերի կենտրոնական մարզադաշտի շինարարության վրա ադրբեջանական իշխանություններն ու Եվրոպական օլիմպիական կոմիտեն շուրջ 600 միլիոն դոլար են ծախսել», - մեկ տարի առաջ պնդում էին BBC-ի լրագրողները:

Որպես հետևանք՝ Պատրիկ Հիքին շատ լավ հարաբերություններ ուներ Ադրբեջանի իշխանությունների հետ: 2014-ի նոյեմբերից մինչ 2015-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում նա առնվազն երկու անգամ ժամանեց Բաքու` համատեղ ասուլիսներ կազմակերպելով Եվրոպական խաղերի կազմկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ:

2015-ի հունիսի 17-ին էլ Իլհամ Ալիևը Հիքիին շնորհեց երկրի բարձրագույն պետական պարգևներից մեկը`«Շարաֆ» փառքի շքանշանը:

«Ադրբեջանի ապագան պայծառ է, իսկ Բաքուն լիովին պատրաստ է Օլիմպիական խաղեր հյուրընկալելուն», - անցած ամառ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո հայտարարել էր Պատրիկ Հիքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG