Մատչելիության հղումներ

Վերաքննիչը հետաձգեց Անդիրաս Ղուկասյանի կալանքը փոխելու հարցի քննությունը


Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննարկումը։

Ղուկասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դատարանին նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեցին, քանի որ Ղուկասյանը ցանկանում է ներկա գտնվել նիստին։ Լուսինե Սահակյանն ասաց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղն առավոտյան, որի ժամանակ էլ դատարանը կքննարկի Ղուկասյանի մասնակցության հարցը։

«Դատարանը տրամադրեց ժամանակ, որպեսզի մենք մեր պաշտպանյալի միջնորդությունը ներկայացնենք գրավոր տեսքով։ Վաղը գումարվելու է դատական նիստ, որում կներկայացվի Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը և դատարանը կորոշի, թե ապահովելու է նրա ներկայությունը դատարանում, թե ոչ»,- «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը։

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռերի» աջակիցների երթը։ «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ընդդիմադիր գործիչը ի նշան բողոքի արդեն 18 օր է՝ հացադուլ է անում։ Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ Ղուկասյանը իրեն քաղբանտարկյալ է համարում։

«Ընդհանուր կարծես թե նորմալ է առողջական վիճակը, բայց հասկանալի է, որ 18 օր հացադուլը արդեն որոշակի հետևանքներ է ունենում՝ թույլ է, ճնշումն է իջած», - նշեց նա։

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նույն գործով անցնում են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը։

Երեկ երեկոյան Վերաքննիչ դատարանի վճռով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: «Ազատության» հետ զրույցում նա ապօրինի որակեց իրեն ներկայացված մեղադրանքը:

«Շինծու, ապօրինի քրեական գործ է ոչ միայն իմ նկատմամբ, այլև իմ գործընկերների նկատմամբ և ակնհայտ է, որ Հայաստանում նմանատիպ գործեր չպետք է լինեն», - հայտարարեց Մարտիրոսյանը։

Վաղն արդեն տեղի կունենա նաև Դավիթ Սանասարյանի գործով բողոքարկման նիստը։ Հովսեփ Խուրշուդյանի գործը դատարանը կքննի մյուս շաբաթ։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ է մեղադրվում նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունից Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա գործով դեռ Վերաքննիչ դատարանը նիստի օր չի նշանակել։

XS
SM
MD
LG