Մատչելիության հղումներ

ՀՔԾ. ՊՊԾ գնդի տարածքի զավթման քրգործով նշանակվել է 87 փորձաքննություն


ՊՊԾ գնդի վարչական շենքը Երևանում, 22-ը հուլիսի, 2016թ.

ՊՊԾ գնդի վարչական շենքը Երևանում, 22-ը հուլիսի, 2016թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքման և ստուգման գործընթացը:

«Դրա շրջանակներում, մասնավորապես, նախաքննական մարմնի կողմից նշանակվել են 87 փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, տոկսիկոքիմիական, դատաքիմիական, դատաապրանքագիտական, դատաքրեագիտական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատանյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և դատագենետիկական», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով սույն քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը և հաշվի առնելով իրավական ընթացակարգերում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործման կարևորությունը, ՀՔԾ-ն հորդորում է դատավարության այն մասնակիցներին, ում իրավաչափ շահերին առնչվում են նշանակված փորձաքննությունները, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մասնակցել դրանց կատարմանը, ներառյալ՝ ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իրենց մատնանշած անձանց թվից, փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր և այլն:

XS
SM
MD
LG