Մատչելիության հղումներ

Երևանում քննարկվել են խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Օգոստոսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ռազմաքաղաքացիական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր` խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերում և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին Հայաստանի անդամակցությունը հաստատվել է 2013 թվականին և նշված ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG