Մատչելիության հղումներ

Российская газета-ն Անտոնովի՝ միացյալ զորախմբի ստեղծման մասին հայտարարությունը «սենսացիոն» է որակում


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Գյումրիում տեղակայված ռուսակա 102-րդ ռազմաբազայում, 2013թ.

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Գյումրիում տեղակայված ռուսակա 102-րդ ռազմաբազայում, 2013թ.

Российская газета-ն, անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցին, գրել է, որ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ Մոսկվան և Երևանն առաջիկայում կարող են միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր կնքել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն, ի տարբերություն Российская газета-ին, Անտոնովի այս հայտարարությունը սենսացիա չի համարում։

Օգոստոսի 16-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, «Ազատության» հետ զրույցում, ասել էր, որ խոսքն արդեն գործող միացյալ զորախմբի մասին է։ «Այնտեղ քանակական և գործառույթային որոշակի փոփոխություններ են կատարվում։ Դինամիկ զարգացման գործընթաց է, որը տարիներ շարունակ իրականացվել է», - ասել էր Հովհաննիսյանը։

Փոխարենը Российская газета-ն գրում է, որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, զինվորականները չեն մանրամասնում, թե հատկապես որ ստորաբաժանումներն են ընդգրկվելու այդ խմբավորման մեջ։

Թերթի տվյալներով՝ միացյալ խմբավորումը տեղակայվելու է Հայաստանում, նրա կազմում են լինելու նաև հայկական չորրորդ կորպուսը և ռուսական 102-րդ ռազմակայանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր էին ստորագրել։

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևան էր ժամանել Բաքվից։ Մոսկվան ու Բաքուն այս օրերին խոսում են արդեն ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ռազմական համագործակցության մասին, թեև Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ-ին չի անդամակցում։

XS
SM
MD
LG