Մատչելիության հղումներ

Գերմանիայի ՆԳՆ. Թուրքիան դարձել է իսլամիստների կենտրոնակայանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Անկարայում, 8-ը փետրվարի, 2016 թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Անկարայում, 8-ը փետրվարի, 2016 թ․

Գերմանիայի ձախերը դաշնային կառավարությանը հորդորում են գործ չունենալ «ահաբեկիչների կնքահայր էրդողանի հետ»: Անկարայի կոշտ արձագանքը չի ուշացել:

Գերմանիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը երկրի ներքին գործերի նախարարությունից պահանջում է Բունդեսթագին ներկայացնել գաղտնի զեկույցը, որի համաձայն, Թուրքիան վերջին տարիներին դարձել է տարածաշրջանում գործող իսլամիստների կենտրոնակայանը:

Նախօրեին Գերմանիայի հանրային հեռարձակողը՝ ARD-ն հատվածներ է հրապարակել կոնֆիդենցիալ այդ փաստաթղթից, որտեղ, մասնավորապես, ասված է՝ «Թուրքիան տարիներ շարունակ աշխատել ու աջակցել է Մերձավոր Արևելքի զինյալներին: Նախագահ Էրդողանի ու նրա կուսակցության հայտարարությունները՝ որոնցում աջակցություն է հայտնվում Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներին», «Համաս»-ին կամ Սիրիայի իսլամիստներին, վկայում են այդ ուժերի հետ գաղափարական ընդհանրությունների մասին»:

Զեկույցին առաջինը ծանոթացած Գերմանիայի ձախերը կոչ են անում դաշնային կառավարությանը՝ գործ չունենալ «ահաբեկիչների կնքահայր էրդողանի հետ»: Գերմանիայի Ձախերի արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Սեվիմ Դաղդելեն գերմանական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ «Եթե միջազգային կոալիցիայի անդամ Թուրքիան գաղտնի տեղեկություններ փոխանցի ահաբեկչության գծով իր եղբայրներին՝ իսլամիստներին ու զինյալներին, մենք էական խնդիրների առջև կկանգնենք»: Նա հավելել է՝ «Ներքին գործերի նախարարության այդ զեկույցում զարմանալի ոչինչ չկա, ասվել է այն, ինչի մասին վաղուց էր հայտնի: Պետք էր ընդամենը հետևել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին»:

Գերմանիայի արտաքին գործերի նախրարությունը հրաժարվել է մեկնաբանել զեկույցը: Անկարան, իր հերթին, շատ կոշտ է արձագանքել դրան, այն որակելով «հիվանդ երևակայության արդյունք»: «Այդ մեղադրանքներով գերմանական լրատվամիջոցը փորձում է վնասել Թուրքիային՝ թիրախավորելով մեր նախագահին ու կառավարությանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Անկարայի ու Բեռլինի միջև հարաբերություններն ակնհայտորեն սրված են․ նախ գերմանական լրատվամիջոցներից մեկը եթեր հեռարձակեց Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող երգիծական մի հաղորդում, ապա՝ Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Դրանից հետո արդեն պաշտոնական Անկարան արգելեց գերմանացի օրենսդիրների մուտքը Ինջիրլքի ավիաբազա, որտեղ 250 գերմանացի զինվոր է ծառայում:

ԳԴՀ ներքին գործերի նախարարության վերջին զեկույցի մասնակի գաղտնազերծումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր իր հերթին Բեռլինին մեղադրել է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեջ»: «Ակնհայտ է, որ այդ մեղադրանքների ետևում կանգնած են գերմանական քաղաքական շրջանակները, որոնք հայտնի են ահաբեկչության դեմ պայքարում իրենց երկակի չափանիշներով»,- հայտարարել է պաշտոնական Անկարան, ընդգծելով՝ «Լինելով ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ անկեղծ պայքար մղող երկիր՝ Թուրքիան ակնկալում է նույն դիրքորոշումը նաև իր գործընկերներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG