Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսում են սահմանը հատած Աղեկյանին վերադարձնելու շուրջ


Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները երկխոսություն են ծավալում օգոստոսի 7-ին Ադրբեջանի սահմանը հատած Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հայրենիք վերադարձնելու շուրջ։

«Երկխոսությունը դեռևս արդյունք չի տվել», - ասաց Կապրիելյանը` նշելով, որ Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և սահմանը հատել է պատահականորեն. - «Նախկինում նա ևս մի քանի օրով կորել է տնից, հետո հարազատները կարողացել են գտնել և տուն բերել»։

Օգոստոսի 13-ին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում ադրբեջանցի զինծառայողները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու։ Հանձնաժաղովը նաև նշել էր, որ այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այսօր Նախիջևանում այցելել են Աղեկյանին։ ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Իռեն Ալոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ կոմիտեն, իր մանդատի համաձայն, Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:

XS
SM
MD
LG