Մատչելիության հղումներ

Գորբաչով․ Պաշտոնս չեմ ափսոսում, ափսոսում եմ, որ փլուզվել է Խորհրդային Միությունը


ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով

Հայաստանում հարցվածների շուրջ 71 տոկոսը համարում է, որ կյանքի որակը խորհրդային շրջանում ավելի բարձր էր։ Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է՝ 69 տոկոսով։

Այս օրերին Ռուսաստանում, նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններում, վերհիշում են 25 առաջ տեղի ունեցած պուտչը և դրան հաջորդած պատմական իրադարձությունը՝ Խորհրդային կայսրության փլուզումը։

Ռուսական մի շարք սոցիոլոգիական կազմակերպություններ, այդ թվում՝ Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, հարցումներ են անցկացրել հետխորհրդային տարածքում, որի արդյունքում պարզել են՝ հետխորհրդային 9 երկրներում 35-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մեծ մասի կարծիքով, Խորհրդային Միությունում կյանքի որակն ավելի բարձր էր։

Ամենաբարձր ցուցանիշն այդ առումով արձանագրվել է Հայաստանում, որտեղ հարցվածների շուրջ 71 տոկոսն ասել է, թե ի համեմատ անկախության տարիների, կյանքի որակը խորհրդային շրջանում ավելի բարձր էր։ Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է՝ 69 տոկոսով։ Ուշագրավ է հանգամանքը, որ Խորհրդային Միության վարկանիշը բավականին բարձր է Հայաստանի և Ղրղըզստանի երիտասարդության շրջանում։ Ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների՝ Հայաստանում և Ղրղըզստանում հարցված երիտասարդների մոտ 50 տոկոսն ասել է, որ ԽՄԿԿ իշխանության շրջանում կյանքն ավելի բարվոք էր, քան այսօր։ Եվ դա այն դեպքում, երբ հարցվածներն այդ տարիներին դեռ ծնված էլ չեն եղել:

Այս օրերին Ռուսատսնաում վերհիշում են 25 առաջ տեղի ունեցած պուտչը և դրան հաջորդած պատմական իրադարձությունը՝ Խորհրդային կայսրության փլուզումը։ 1991 թվականի օգոստոսի 19-ը պատմության մեջ արձանագրված է, որպես օգոստոսյան պուտչի օր: Այդ օրը կոմունիստական կուսակցության մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ, ովքեր համաձայն չէին Գորբաչովի «պերեստրոյկայի» քաղաքականությանը, ստեղծել էին արտակարգ դրության հանձնաժողով՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին և վերակենդանացնել մահացող կայսրությունը։

Այսօր այդ իրադարձություններին է անդրադարձել նաև ինքը՝ Խորհդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է, թե չի ափսոսում, որ օգոստոսի 24-ին պուտչի հետևանքում ստիպված եղավ թողնել ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Անկեղծանալով, վերջինս, այդուհանդերձ, նշել է, թե այդ որոշումը դժվարությամբ է ընդունել։ «Իրավիճակն այն ժամանակ շատ շատ բարդ էր։ Ըստ էության, երկիրը սկսել էր փլուզվել, և մենք կանգնած էինք քաղաքացիական պատերազմի վտանգի առջև։ Չեմ ափսոսում, որ հրաժարվել եմ այդ պաշտոնից, ափսոսում եմ, որ փլուզվել է Խորհրդային Միությունը»,- ասել է Գորբաչովը։

Վերջինս Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվել էր պուտչից մի քանի օր անց՝ օգոսոտսի 24-ին, դրանից մի քանի ամիս անց էլ ստիպված եղավ թողնել նաև ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի պաշտոնը։ Գորոբաչովն, ի դեպ, իր պաշտոնանկությունից հետո բազմիցս հայտարարել է՝ Խորհրդային Միության փլուզման պատճառներևից մեկը Ղարաբաղյան շարժումն էր: Վեց տարի առաջ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում Գորբաչովն ասել էր՝ «Ինձ թվում է՝ պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով: Պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երևանի հետ։ Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ»։ Նա հավելել էր՝ «Այն ժամանակ, իմ առաջարկներին ի պատասխան, ասում էին, որ ես սիրում եմ հայերեն և չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն»:

Իրականում, ըստ ԽՍՀՄ վերջին ղեկավարի, 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր, իշխանություններն ուշադրություն չէին դարձնում մարզի խնդիրներին, նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երևանի հետ։ «Ղարաբաղը չէին ֆինանսավորում»,- նշել էր Գորբաչովը: 2010 թ․ մարտին «Ազատության» հետ զրույցում Միխայիլ Գորբաչովը նաև ասել էր՝ պետք է անել հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև, հակառակ դեպքում, «ղարաբաղյան պատերազմում կներգրավվեն նաև գերտերությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG