Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ-ն, ըստ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, անցնելու է նախագահական կառավարման


Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը մտավախություն ունի, որ Ղարաբաղի սահմանադրությունը փոփոխվում է գործող իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով։

Ի տարբերություն խորհրդարանական կառավարում որդեգրած Հայաստանի, երեկ հրապարակված Սահմանադրության հայեցակարգով Լեռնային Ղարաբաղն անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի։

Հայեցակարգի համաձայն, Հանրապետության նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից, ինչից հետո նախագահն է ձևավորում կառավարությունն ու դառնում դրա ղեկավարը՝ ըստ էության ստանձնելով նաև վարչապետի վերացող պաշտոնը։

«Սովորաբար փոփոխություններ սահմանադրությունների մեջ կատարվում են իշխանության վերարտադրության նպատակով: Հիմնական մտահոգությունը սա է եղել, որ մենք ամենասկզբից այս գործընթացի դեմ ենք հանդես գալիս Արցախում սահմանադրական փոփոխություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը:

Հայեցակարգի համաձայն, նախագահը կնշանակի ու կազատի նախարարներին, կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել միայն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հայեցակարգով առաջարկվում է նախագահի և խորհրդարանի ընտրություններն անցկացնել միաժամանակ։

Բակո Սահակյանն արդեն երկու անգամ ընտրվել է ԼՂ նախագահ և գործող Սահմանադրությամբ չի կարող երրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը։ Սահակյանի լիազորությունները կդադարեցվեն 2017-ին, մինչդեռ ԱԺ-ի հաջորդ ընտրությունները նախատեսված են միայն 2020 թվականին։

Հայեցակարգում, Հայկ Խանումյանի դիտարկմամբ, հստակեցված չէ, թե անցումային այս ժամանակահատվածում ով է լինելու նախագահ և ում կողմից է ընտրվելու․ - «Հենց այդտեղ էլ մենք մտավախություն ունենք, որ իշխանությունները կգտնեն ինչ-որ ձևեր իշխանության վերարտադրության համար: Եվ մեր մտավախություններն այս առումով հիմնավոր են»:

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ ակտիվորեն պայքարած Արմեն Գրիգորյանի պնդում է, որ Բակո Սահակյանը գնում է Սերժ Սարգյանի ճանապարհով․ Սահմանադրությունը բարեփոխելու պատրվակով վերացնում է նախագահի պաշտոնում կրկին վերընտրվելու արգելքը։

Քաղաքագետը վստահ է, Սահակյանը նախագահ կլինի նաև անցումային փուլում․ - «Ինչպես հասկանում եմ, ցանկանում են, որ անցումային փուլը լինի 2017-20 թվականներին: Բակո Սահակյանը կրկին ժողովրդի կողմից չի ընտրվի: Համոզված եմ, որ այնպիսի դրույթներ չեն սահմանի, որ ժողովրդի կողմից ընտրվի: Դրանից հետո՝ 2020 թվականից նոր Սահմանադրությունը կմտնի ուժի մեջ, ու Բակո Սահակյանը հնարավորություն կունենա մնալ իշխանության: Եթե էդ տարբերակով հաշվենք, ապա ստացվում ա, որ Բակո Սահակյանը 23 տարի պետք ա մնա իշխանության»:

ԼՂ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը անուններ չի հրապարակում, սակայն գործընթացի վերաբերյալ որոշ փակագծեր է բացում․ սահմանադրական հանրաքվեն կկայանա մինչև Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտը, իսկ անցումային փուլում նախագահ կնշանակի ներկայիս ԱԺ-ը․ - «Խորհրդարանն է ընտրելու նախագահին այս երկուսուկես տարվա ժամանակահատվածի համար»:

Բաղրյանն անհիմն է համարում խոսակցությունները, թե մայր օրենքը փոփոխվում է Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով․ - «Սահմանադրական փոփոխությունների առաջարկությունը կատարվել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից»:

Կիսանախագահականից նախագահական կառավարման մոդելին անցումը Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հիմնավորվում են երկրի առջև ծառացած մարտահրավերներով: «Մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, պետք է ունենա ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որը ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին», - ասված է հայեցակարգում:

Արմեն Գրիգորյանի կարծիքով, անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի մայր օրենքը փոփոխության կարիք չունի։ Քաղաքագետի պնդում է, թե գործող Սահմանադրությունը որևէ կերպ չէր խոչընդոտում Բակո Սահակյանին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապահովել երկրի անվտանգությունը․ - «Ամենավատ բանը էն ա, որ ապրիլյան պատերազմը չկանխող, որոշակի չափով ապրիլյան պատերազմում տարածքներ կորցնող, բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացող իշխանությունը՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ցանկանում է մնալ: Սա ամենավտանգավոր բանն ա Արցախի համար: ՄԻնչդեռ նրանք պետք է մտածեն հեռանալու մասին»:

Ընդդիմախոսները վտանգավոր են համարում նաև հայեցակարգում ամրագրված այն դրույթը, ըստ որի «Հանրապետության նախագահն ու ԱԺ-ը միմյանց անվստահություն հայտնելու իրավունք կունենան միայն սեփական լիազորությունները վայր դնելու և իշխանության երկու մարմիններում էլ նոր ընտրություններ անցկացնելու պայմանով»։

Թեև հայեցակարգը մշակողների պնդմամբ, այս պահանջը իշխանության ճյուղերի միջև արդյունավետ հակակշիռներ կստեղծի՝ զերծ պահելով կառավարման համակարգը փակուղային իրավիճակներից, ընդդիմախոսները կարծում են, որ իշխանության երկու մարմինների միաժամանակյա լիազորությունների դադարեցումը կարող է քաոսային իրավիճակ ստեղծել երկրում։

XS
SM
MD
LG