Մատչելիության հղումներ

Վերլուծաբան. «Ռուսաստանն ուզում է իր տիրապետության տակ վերցնել հայկական բանակը»


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ

«Իշխանությունները չե՞ն հասկանում, որ հենց այդ ուղղությամբ են զարգացումները գնում», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ չորսօրյա պատերազմից հետո ակնհայտ երևում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը «միտված է նրան, որ Հայաստանը լուրջ զիջումների գնա»։

«Գլխավոր փաստը՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը զիջումների գնա, որ Ադրբեջանին Ռուսաստանը բերի դեպի ռուսական դաշտ, դեպի Եվրասիական տնտեսական միություն, ու այստեղ է, որ Ռուսաստանի այս քաղաքականությունը հանդիպեց լրջագույն դիմադրության՝ ոչ թե Հայաստանի իշխանությունն է դիմադրել, ինչը պետք է աներ, այլ Հայաստանի հասարակությունը և բանակը՝ Ղարաբաղի և Հայաստանի բանակը», - ասաց Գրիգորյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ, Ռուսաստանն ուզում է նաև իր տիրապետության տակ վերցնել հայկական բանակը։ «Պարզ է՝ մի օրում դա անհնար է, բայց այս ձևի քայլերը դրան են միտված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Երեկ Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի բանակցություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր կնքել՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը գտնվում է եզրափակիչ փուլում։ «Համաձայնագրի իրականացումը թույլ կտա հստակորեն կարգավորել այդ ոլորտում համատեղ գործողությունները և խմբավորմանը ժամանակին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ», - ասել է Անտոնովը։

Ավելի վաղ, նշենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։

«Հակաօդային կապը համատեղ, որ ստեղծեցին, ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը՝ այսօր ինչքան էլ մեր պաշտոնյաները չհավաստիացնեն, այսօր ռեալ հակաօդային կապը, այդ թվում՝ նաև Հայաստանի, հիմա Ռուսաստանի ձեռքերում է», - ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ռուս-հայկական երկկողմ համատեղ ուժեր ստեղծելու քայլերը հայկական բանակը չեզոքացնելու նպատակ ունեն։

«Ակնհայտ է, որ այս վերջին օրերի ցանկությունը՝ հանձնել հայկական հողերը Ադրբեջանին, որ Ադրբեջանն ավելի մոտ լինի Ռուսաստանին, ի՞նչ խոչընդոտի է հանդիպում, առաջին հերթին, որ այնուամենայնիվ ինչքան էլ մենք շատ սուվերենություն չտվեցինք տարբեր ոլորտներում վերջին ժամանակներում Ռուսաստանին, այնուամենայնիվ դեռ բանակը մերն է, ու դեռ հասարակության մեջ Հայաստանում կան զգալի թվով մարդիկ, ակտիվ խմբեր, որոնք դրան դիմադրում են, ուրեմն այս քայլը՝ երկկողմ համատեղ ուժեր ստեղծելը, ես չեմ խոսում ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլ ռուս-հայկական, նպատակ ունի նաև մեր բանակը չեզոքացնելու, ու եթե դուք նկատել եք վերջին ժամանակներս նաև Հայաստանում գնում է կոմպանիա, այդ ակտիվ հասարակական գործիչների նկատմամբ, ակտիվ փորձագետների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարում են Ղարաբաղի համար», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Մենակ մի բան մնաց ճշտելու՝ իշխանությունների դերը Հայաստանի էդ խաղերի մեջ՝ իրենք ակտի՞վ են մասնակցում, թե՝ ի՞նչ, իրենք չե՞ն հասկանում, որ հենց այդ ուղղությամբ են զարգացումները գնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG