Մատչելիության հղումներ

Պուտինը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Նազարբաևին


Ամիսներ շարունակված բանակցությունների ընթացքում Ղազախստանի առաջնորդը ուղղորդել է ռուս-թուրքական հաշտեցման գործընթացը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրապարակավ շնորհակալություն հայտնեց Ղազախստանի առաջնորդին՝ ռուս- թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձելու և երկու երկրներին հաշտեցնելու համար: Ավելի վաղ Նազարբաևին նաև նույն հարցով Թուրքիայի նախագահն էր երախտագիտություն հայտնել:

«Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ռուս-թուրքական հարաբերություններում ձեր գործադրած ջանքերի ու միջնորդական առաքելության համար, ինչպես տեսնում եք՝ դրանք հաջողությամբ պսակվեցին», - այսօր հայտարարեց Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:

Ղազախստանի առաջնորդն էլ, չթաքցնելով գոհունակությունը, ընդգծեց՝ պատրաստ է կրկին օգնության ձեռք մեկնել դաշնակիցներին:

«Շատ ուրախ եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվել են, Ռուսաստանը աշխարհում ու միջազգային հանրության մոտ ընկալվում է որպես մի պետություն, առանց որի հնարավոր չէ լուծել որևէ լուրջ միջազգային խնդիր», - նշեց նա:

Թուրքիայի տարածքում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո երկու երկրների նախագահները առաջին անգամ հանդիպեցին անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում: Շուրջ 9 ամիս միմյանց թշնամի համարող Պուտինն ու Էրդողանը մի քանի ժամ շարունակված դռնփակ բանակցություններից հետո կրկին դարձան բարեկամ ու թանկագին ընկեր՝ համաձայնելով ոչ միայն վերականգնել, այլև խորացնել երկկողմ հարաբերությունները:

Հանդիպման շեմին թուրքական թերթերը գրեցին՝ հաշտեցման գործն իրենց վրա են վերցրել Եվրասիական տնտեսական միության անդամ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու թուրք գործարար, քաղաքական գործիչ Ջավիդ Չագլարը: Վերջինս, ըստ «Հյուրիեթի» դիվանագիտական աղբյուրների, տեքստիլի արտադրությամբ է զբաղվում Ռուսաստանում և լավ հարաբերություններ Դաղստանի ղեկավարի հետ, ով էլ իր հերթին սերտ կապեր ունի Կրեմլում: Հենց այս կուլիսային կապերն օգտագործելով՝ Անկարան սկսել է գրել այն նամակը, որը մեկ ամիս անց էրդողանը պետք է ուղարկեր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռի կործանման համար:

Օրեր շարունակ, ըստ թուրքական աղբյուրների, ռուսներն ու թուրքերը խմբագրել են տեքստը, ընդ որում՝ փոխզիջումային տարբերակը գտնվել է Անկարայում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցների աջակցությամբ: Դրանից հետո արդեն Ղազախստանի նախագահը անձամբ է միացել միջնորդական ջանքերին՝ նամակի սևագիրը ներկայացնելով Վլադիմիր Պուտինին: Թուրքական թերթը գրում է, որ Պուտինի վերջնական համաձայնությունը ստանալով՝ Էրդողանի օգնականը հունիսին շտապ ուղևորվել է Տաշքենդ՝ Շանհայան համագործակցության գագաթնաժողովին: «Ժամանակը շատ քիչ էր, Էրդողանի ինքնաթիռը պետք է անցներ մի քանի երկրի տարածքով: Վրացիների համաձայնությունը, օրինակ, ստացանք օդում՝ WhatsApp-ով, Ուզբեկստանի դեպքում` կրկին Նազարբաևը օգնեց»,- թերթին պատմել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ մանրամասնելով՝ ամիսներ շարունակված բանակցությունների ընթացքում Նազարբաևը սկզբից մինչև վերջ հետևել ու ուղղորդել է գործընթացը՝ առանձին-առանձին հանդիպումներ ունենալով Պուտինի ու Էրդողանի հետ:

Ռուս-թուրքական հաշտեցումից հետո, ի դեպ, Նազարբաևը հիմա էլ զբաղվում է ռուս-ուկրաինական հարաբերություններով: Համենայնդեպս, անցած ամիս Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Նազարբաևին խնդրել է միջնորդական դեր ստանձնել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման հարցով: Այսօր Պուտինի հետ հանդիպումից առաջ Նազարբաևը տեղեկացրել է՝ առայժմ մեծ հաջողություններ չկան:

«Վերջերս Պորոշենկոն ինձ զանգահարեց, տեղեկացրեց, որ չի կարողանում առաջ տանել Դոնբասի կարգավիճակի հարցը, քանի որ չունի Գերագույն Ռադայի մեծամասնության աջակցությունը: Այնպես որ, կարծում եմ՝ նա հակված է գտնել փոխզիջումային լուծումներ, սակայն դրանք, չգիտես ինչու, չեն գտնվում», - ասել է նա:

Նազարբաևը այսօր նաև տեղեկացրել է, որ մտադիր է Ռուսաստանի առաջնորդի հետ առնվազն հինգ հանդիպում ունենալ մինչև տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG