Մատչելիության հղումներ

Երևանում ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը


Այսօր Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի էին ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղըզական Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռավկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը և ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին: Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին:

Նիստի ավարտին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

XS
SM
MD
LG