Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան․ Հնարավոր փոխզիջումը որևէ կերպ չպետք է թուլացնի Արցախի անվտանգության համակարգը


ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

«Դա նշանակում է, որ մենք երբևիցե չենք գնա որևէ քայլի, որը փոքր-ինչ կխարխլի մեր անվտանգությունը և թույլ չի տա Արցախին ապահովել իր անվտանգությունը սեփական ուժերով: Սա ամենակարևորն է՝ սեփական ուժերով: Այսինքն մենք երևիցե չպետք է կախված լինենք ինչ-որ մի պետությունից, ինչ-որ մի ուժից, որը պետք է մեր անվտանգությունն ապահովի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ֆրանսիական մամուլին տված հարցազրույցը:

Լեռնային Ղարաբաղի նախագահը, հիշեցնենք, հարցազրույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի պես բարդ հակամարտությունների լուծումը կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով:

«Փոխզիջման հետ կապված անընդհատ ինչ-որ մարդիկ շահարկում են տարածքների խնդիր՝ ցույց տալով, որ իրենք կան, ինչ-որ նեղ քաղաքական, կեղտոտ նպատակներ հետապնդելու համար տարածում են, թե իբրև տարածքներ են հանձնվում, էս մեկը, էն մեկը․․․ Երկու խնդիր կա այստեղ․ առաջինը, մենք չենք կարող խուսափել այդ հարցի քննարկումից, որովհետև Ադրբեջանը անընդհատ այդ հարցը բարձրացնում է: Եվ միջնորդ երկրները, իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են և ստիպված Ադրբեջանի այդ անհեթեթությունները պարտավոր են ներառել էս գործընթացի մեջ: Հետո, երբ որ խոսում են տարածքների մասին, չգիտես ինչի, մոռացության են մատնում, նաև հայկական հասարակության մեջ, որ տարածքները միակողմանի չեն, տարածքային խնդիր ունի նաև Արցախը՝ Գետաշենի խնդիր կա, Հյուսիսային Արցախի խնդիր կա, Չարդախլուի խնդիր կա․․․»

Հարցին, թե արդյոք հայկական կողմը բանակցություններում բարձրացնում է Գետաշենի և Շահումյանի հարցերը, Բաբայանը պատասխանեց․ - «Մենք միշտ բարձրացնում ենք և բարձրացնելու ենք այդ հարցը: Եվ չեմ կասկածում, որ նույնը անում է նաև պաշտոնական Երևանը»:

Իսկ հարցին, թե ինչին է վերաբերում հնարավոր փոխզիջումը, եթե ոչ տարածքներին, նա արձագանքեց․ - «Օրինակ, Ադրբեջանը ճանաչում է [ԼՂ] Հանրապետությանը, մենք էլ ճանաչում ենք Ադրբեջանին․․․ Փոխզիջո՞ւմ է դա: Իհարկե փոխզիջում է: Համարժեք պետք է լինի: Երբեմն այսպիսի կարծիքներ են հնչում, որ տարածք տվեք, իրենք նավթամուղը բացում են, կամ գազատարը: Սա ո՞նց կարելի է համարել ընդունելի կամ համարժեք․ վաղը իրենք գազատարը փակում են, մենք տարածքը ո՞նց ենք հետ բերելու»:

Նա պնդեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի գործընթացում որպես բանակցային լիիրավ կողմ․ - «Մինչև չվերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, մենք չնստենք Բաքվի հետ որպես հավասար կողմեր բանակցային սեղանի շուրջ, որևէ բանի մասին խոսելը անիմաստ է»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը կարծում է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը կարող են նպաստել, որ Ստեփանակերտը վերադառնա բանակցային սեղան․ - «Այսինքն, եթե ակտիվ աշխատանք է կատարվում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, և մենք ունենում ենք արդյունքներ, ավտոմատ բանակցողը դառնում է Արցախը, ոչ թե Երևանը»:

Նա վստահ է, որ տարածքների հարցը Ղարաբաղում չի քննարկվում․ - «Նույնպես վստահ եմ, որ փոխզիջումներ ասելով [Բակո Սահակյանը] տարածքային զիջումներ նկատի չի ունեցել, քանզի արցախյան բոլոր քաղաքական ուժերը և ժողովրդի գերակշռող մեծամասնությունը դեմ է տարածքային զիջումներին: Այս պահին ընդհանրապես փոխզիջումներից խոսալը ես համարում եմ սխալ և համարում եմ, իշխանությունների սիրած տերմինով ասած՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Ինչ վերաբերում է նրան, որ նշում են, թե փոխզիջումների այլընտրանքը պատերազմն է, ես համաձայն եմ: Փոխզիջումների այլընտրանքը պատերազմն է, բայց փոխզիջումների առկայության դեպքում մենք կունենք պատերազմ՝ ավելի աննպաստ պայմաններով»:

Խանումյանը չի կարծում, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը բարձրացնում է, օրինակ, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գետաշենի կամ Շահումյանի հարցը․ - «Ես խիստ կասկածում եմ, որ պաշտոնական Ստեփանակերտը էդ հարցերը բարձրացնում է, կամ ընդհանրապես հայկական կողմը: Ես համանախագահների հետ հանդիպել եմ մի երկու տարի առաջ քաղաքացիական հասարակության հետ հանդիպման շրջանակներում, և այնպիսի տպավորություն էր, որ Ստեփանակերտը կամ Երևանը փորձում են իրենց պատկերացմամբ դիվանագիտական ձևակերպումներով խուսափել մեր իրական կարծիքը ներկայացնելուց: Նույն այդ հարցազրույցը նույնպես նախագահի, կարող եմ ասել, որ հավանաբար փորձել է արտաքին աշխարհի առջև կառուցողական լինել՝ խուսափելով ներկայացնել մեր իրական տեսակետը: Այնինչ ժամանակն է հստակ խոսել և հստակ ներկայացնել քո տեսակետը: Պետք է ասել, որ տարածքային զիջումները բացառվում են, արցախյան խնդիրը տարածքների խնդիր չէ, սա ազգերի ինքնորոշման խնդիր է, և առաջնայինը պետք է միջազգայնորեն ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացված ակտ»:

XS
SM
MD
LG