Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով կալանավորված է 50 մեղադրյալ


Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռերի» գործով վեց տասնյակ մեղադրյալ կա, կալանավորված է 50 մեղադրյալ, երկու հոգի գտնվում են հետախուզման մեջ, իսկ մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ, հաղորդում է հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նախաքննական մարմինը չի մանրամասնում, թե ովքեր են հետախուզվողները։ Նրանցից մեկը, ենթադրաբար, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն է, ով ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ընդհատակ անցավ, ինչից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Չուգասզյանը մեղադրվում է անցած տարի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը այսօր հաստատել է ավելի վաղ զինված խմբի անդամների պաշտպանների տարածած այն տեղեկությունը, որ «Սասնա ծռերի» գործին միացվել է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Աեֆիլյանի քրեական գործերը։

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանի գործը «Սասնա ծռերի» քրգործին միացնելով, իշխանությունները հարցը տեղափոխում են քաղաքական հարթություն:

«Բերեցին տեսականորեն կպցրեցին իրար, որպեսզի քաղաքական իշխանությունը կարողանա հայտարարություն անել: Սա աբսուրդի թատրոնից է, դա իրենց խնդիրն է», - մեկնաբանեց փաստաբանը:

Հատուկ քննչական ծառայությունը նաև հաղորդում է, որ ՊՊԾ գնդի տարածքում կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող՝ շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

Հարություն Բաղդասարյանը աբսուրդ է որակում պնդումը, թե բանկոմատը կարող էին «Սասնա ծռերի» անդամները թալանել:

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի պաշտպան Կարապետ Բադալյանը, «Ազատության» հետ զրույցում զերծ մնալով քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, հիշեցրեց, որ «Սասնա ծռերի» հանձնման ժամանակ նրանք ենթարկվել են խուզարկության, իսկ մինչ այդ՝ մանրամասն զննություն է կատարվել, որի արդյունքների վերաբերյալ պաշտպանները դեռևս տեղեկություններ չունեն։

«Դրանց մասին դատողություններ, եզրակացություններ իրենք կանեն քննության ընթացքում, վերջում արդեն մենք էլ կտեսնենք, թե ինչ ապացույցներ են կուտակվել և որքանով են դրանք առնչվում «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունների հետ», - նշեց Բադալյանը:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է նաև, որ միջոցներ են ձեռնարկվում պարզելու ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության հանգամանքները: Պնդելով, որ իր պաշտպանյալն ու ընկերները փորձում էին ապստամբություն անել, այլ ոչ թե ոստիկան սպանել և այլ հանցագործություններ կատարել, Հարություն Բաղդասարյանը չի բացառում, որ քրեական գործին այլ հոդվածներ ևս ավելանան՝ մասնավորապես՝ ահաբեկչություն, ինչպես նաև սպանություն։

Պավել Մանուկյանների պաշտպաններն այսօր միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին՝ խնդրելով դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչ զենքով են և ով է կրակել Մանուկյանի վրա։

«Ես ենթադրում եմ, որ դա միայն պատերազմական գործողությունների զենք է, խաղաղ պայմաններում այդ զենքը չպետք է կիրառվի, սովորական ժողովրդի դեմ կիրառելը դա անթույլատրելի է», - այս առիթով ասաց պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Պավել և Արամ Մանուկյանները, ինչպես նաև զինված խմբի ևս 5 անդամ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Փաստաբանները օրեր շարունակ ահազանգում են, որ այդտեղ հնարավոր չէ կազմակերպել «Սասնա ծռեր» զինված խմբի՝ հրազենային վիրավորում ստացած անդամների բուժումը, վիրահատություններ կատարել, և որ թե՛ Պավել Մանուկյանը, թե՛ Արմեն Լամբարյանը, թե՛ Հովհաննես Հարությունյանը կրկնակի վիրահատության կարիք ունեն։ 29-ամյա Հովհաննես Հարությունյանի պաշտպանը բաց նամակ է տարածել՝ իշխանություններին կոչ անելով հրազենային վիրավորում ստացած երիտասարդի վիրահատությունը կատարել քաղաքացիական հիվանդանոցում։ - «Հակառակ դեպքում, եթե վիրահատության արդյունքում ի հայտ գան բարդություններ, ապա դա կդիտարկվի որպես դիտավորություն և ողջ պատասխանատվությունը կկրեն Արդարադատության, Առողջապահության նախարարությունները, Հատուկ քննչական ծառայությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - հայտարարել է Հայարփի Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG