Մատչելիության հղումներ

Սիսիանում քաղաքապետի պաշտոնի համար առաջին անգամ կին թեկնածու կպայքարի


Սրբուհի Գրիգորյան, արխիվ

Սրբուհի Գրիգորյան, արխիվ

Անցած շաբաթավերջին «Լուսավոր Հայաստան»-ի Սյունիքի մարզային խորհուրդը որոշեց հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Սիսիան համայնքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել կուսակցության անդամ Սրբուհի Գրիգորյանին:

«Առաջարկել ենք, որ Ընտրական օրենսգրքով լինի այն չափանիշը, որ կանանց դերակատարությունը քաղաքական գործընթացներին և կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակներում ավելի բարձր պայման լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. - «Գտնում ենք, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում որքան որ բարձր լինի, այնքան ավելի շատ նոր մշակույթի ձևավորմանը մեծ ներդրում կունենան: Դրանից ելնելով՝ մենք շատ հպարտ ենք, որ հաջողվել է մեզ այստեղ կին թեկնածու առաջադրել»։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով, ամենադժվար ճանապարհը դեռ 2012 թվականին է հաղթահարել, երբ մասնակցում էր ավագանու ընտրություններին, իսկ մտերիմները հորդորում էին հետ կանգնել որոշումից՝ ասելով, որ նույնիսկ ընտանիքի անդամները չեն ընտրի կին թեկնածուի:

«Երբ առաջադրվում էի, ինձ հատկապես շատ տղամարդիկ ասում էին՝ գործ չունես, կինն ինչ է, քաղաքականությունն ինչ է։ Այդ կարծրատիպն այնուամենայնիվ մեր մեջ կա, և ասացին, որ՝ հնարավոր է նույնիսկ ձեր տան անդամները քեզ ձայն չտան, որովհետև նախադեպեր ունեցել էինք Սիսիանում, բայց ես համարձակորեն, ինքնավստահ, որ կհավաքեմ անհրաժեշտ քանակությամբ ձայները, որովհետև ես չեմ կարծում, թե իմ տասնյակ տարիների լրագրության աշխատանքի մեջ վրիպել եմ», - ասաց Գրիգորյանը։

Խոսելով իր համայնքապետ դառնալու հնարավորությունների մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Սիսիանում ընտրությունների արդյունքները միշտ անկանխատեսել են: Նրա խոսքով, սիսիանցիներին դժվար է ուղղորդել․ - «Նրանց չի կարելի փողով գնել, նրանց վրա իշխանական լծակները մեծ ազդեցություն չեն կարողանում թողնել, նրանց վրա ճնշումները մեծ ազդեցություն չեն կարողանում թողնել։ Միշտ էլ Սիսիանում ընտրությունների ելքը անկանխատեսելի է»։

Առաջին անգամ քաղաքապետի կին թեկնածու ունենալու փաստին Սիսիանում դրական են արձագանքում, ասում են՝ կարևորը, որ համայնքի խնդիրները լուծվեն:

Համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը դեռևս տեղի չի ունեցել, սակայն հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն ևս երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով նախկինում ԲՀԿ անդամ էր, այժմ անկուսակցական է, և հանրապետական Արթուր Սարգսյանը, ով նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին է:

XS
SM
MD
LG