Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբան. Տարածաշրջանում հավասարակշռության նժարն ամբողջովին փոխվում է


«Տարածաշրջանում հավասարակշռության նժարը ամբողջովին փոխվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան, պատմաբան Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան կատարած այցին, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվեցին է՛լ ավելի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։

Արշամյանի կարծիքով, երկու երկրները ոչ միայն շարունակում են այս ոլորտում համագործակցությունը, այլև բոլորովին նոր թափ են հաղորդում դրան։

«Սա նոր մակարդակի վրա համագործակցություն է՝ կապված Ռուսաստանի և Թուրքիայի նոր մերձեցման հետ։ Մի նոր եռյակ է ստեղծվում՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, որի համատեքստում էլ Ռուսաստանն առաջին հերթին իր բիզնեսն է անում՝ ինչպես իրենք ներկայացնում են, և Պուտինն էլ չթաքցրեց, որ մարդիկ գումար ունեն և այդ գումարով ումից ցանկանան, զենք կգնեն, և զենքը գնում են Ռուսաստանից։ Քանի անգամ է արդեն, որ Ռուսաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով ակնարկում են Հայաստանին, որ «մեզնից վարկ մի վերցրեք ու մեր հաշվին մեզնից զենք գնեք, դուք բավական գումարներ ունեք, որոնք թաքնված են, և այդ գումարներով համեցեք զենք գնեք ու հայտնվեք հավասար մրցակցության մեջ», - ասաց Արշամյանը։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական նոր համագործակցությունը ոչ միայն Հայաստանի և Ղարաբաղի դեմ, այլև՝ տարածաշրջանում հավասարակշռության փոփոխությանն ուղղված քայլ է։

«Վերջին 2-3 տարիներին Ադրբեջանին մոտ 4-5 միլիարդ դոլարի զենք են վաճառել, և եթե խոսքը նոր՝ ավելի բարձր մակարդակի համագործակցության մասին է, ուրեմն ևս այդքան զենք կվաճառեն, և բնականաբար հավասարակշռության նժարը ամբողջովին փոխվում է՝ մենք 80-ականների զենքով, իսկ Ադրբեջանը, բնականաբար, նորագույն զենք է գնում՝ իր կողմն ուղղելով ծանրության նժարը։ Սա Հայաստանի համար շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ», - ասաց Արշամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG