Մատչելիության հղումներ

Առողջական խնդիրներով զորակոչված երիտասարդի ընտանիքը դատի է տվել ՊՆ-ին


Արխիվ -- Մարտական հենակետ՝ առաջնագծում, 5-ը ապրիլի, 2016թ․
Արխիվ -- Մարտական հենակետ՝ առաջնագծում, 5-ը ապրիլի, 2016թ․

22-ամյա Արգիշտի Ավետիսյանի փաստաբանն ու ծնողները պնդում են՝ Պաշտպանության նախարարությունը շրջանցել է օրենքն ու բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին:

Փաստաբան Հերմինե Ավետիսյանը ասում է՝ ՊՆ զինվորական կոմիսարիատի կենտրոնական բժշկական հանձնաժողովը դեռ 2012-ին է արձանագրել, որ զորակոչիկը տեսողական լուրջ խնդիրների պատճառով պիտանի չէ ծառայությանը ու 3 տարվա տարկետում տվել, ինչից հետո ևս 5 ամսով տարկետում է տրվել երիտասարդին: Սակայն երրորդ անգամ այդ նույն հանձնաժողովը եզրակացրել է, որ տղան պիտանի է ծառայության: Շուրջ 15 օր է՝ ինչ Արգիշտին գտնվում է Ղարաբաղի Մատաղիսի զորամասում:

«Ես հասկանում եմ, որ մենք զինվորների հետ կապված խնդիր ունենք, անհրաժեշտություն կա զինվորների կազմը համալրել, բայց ոչ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների հաշվին», - ասում է Ավետիսյանը։

Շուրջ 15 օր Մատաղիսի զորամասում գտնվող զորակոչիկ Արգիշտի Ավետիսյանի փաստաբանը պատրաստվում է դատարանում վիճարկել Պաշտպանության նախարարությունից այսօր ստացած պատասխանը, ըստ որի՝ երբ դատարանում վիճարկվում է զինվորական կոմիսարիատի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, դա հիմք չէ որպեսզի զորակոչիկի նկատմամբ գործողությունը կասեցվի: Ավետիսյանի պնդմամբ՝ հենց այդ եզրակացության հիման վրա է զորակոչիկը հայտնվում բանակում, իսկ քանի դեռ այն չկա՝ զորակոչիկը զորամասում չպետք է լիներ:

Սոցիալական ծանր պայմաններում ապրող Ավետիսյանների ընտանիքը շունչները պահած սպասում է դատարանի վճռին։ Հայրը՝ Հրաչ Ավետիսյանը, նեղսրտում է, ընտանիքն իր 64.000 դրամ աշխատավարձով է ապրում, փորձել են որդուն արտագնա աշխատանքի ուղարկել, որպեսզի վաստակած գումարով կարողանան լուծել տեսողության խնդիրները, բայց ՊՆ-ն արգելել է երկրից դուրս գալ:

«Խի՞ հետ քցեց իրեք տարի, նոր ղըրկեց ընդեղ, որ պըտի ծառայի։ Դե էն վախտը թող ղրկեր, եթե պրոբլեմ չուներ։ Եթե տեսողությունը ստից ընդե չի կարում տենա, էդ ո՞նց պըտի հելնի կայնի սահմանը։ Իրանց հեչ վեջը չի․․․ իրանց էրեխեքը չի, պռաստոյ մարդու էրեխենա ընդե կայնում։ Կարողա՞ չենք տենում ինչերա կատարվում։ Մենակ մեր էրեխե՞քը պըտի էթան ընդերանք ծառայեն», - բորբոքվեց Հրաչ Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG