Մատչելիության հղումներ

Ալիևի ռեժիմը շարունակում է պատժիչ գործելակերպը


Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Էլգիզ գահրամանը, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Էլգիզ գահրամանը, արխիվ

Անցած ընդամենը մի քանի օրում Ադրբեջանի իրավապահները կոշտ միջոցներ են ձեռնարկել ընդդիմության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ:

Սովետական ԳԱԻ-ի ավանդույթները պահպանվել են

Երեկ ձերբակալվել և ոստիկանության բաժանմունք է փոխադրվել ադրբեջանցի բլոգեր և քաղաքացիական ակտիվիստ Բահթիար Հաջիևը:

Նա հասցրել է իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրություն թողնել. - «Տեղի ունեցավ կոնֆլիկտ պետավտոտեսչության ծառայողի հետ, նա ինձ հայհոյեց և ֆիզիկական ուժ կիրառեց, հիմա մեկնում ենք ոստիկանության 27-րդ բաժանմունք»:

Ոստիկանությունում պարզվել է, որ պետավտոտեսչության ծառայողն ինքն է հասցրել առաջինը բողոք հայտնել՝ պնդելով, թե քաղաքացի Հաջիևի կողմից հարձակման է ենթարկվել: Բլոգեր և նախկին քաղբանտարկյալ Հաջիևը բաժանմունքում ասել է, որ ոստիկանը փողի համար է բողոքել:

Նշենք, որ Ադրբեջանում պետավտոտեսչության ծառայողը դրամական որոշակի պարգև է ստանում վարորդներին տուգանելու համար:

Եթե ընդդիմադիր է, ուրեմն փող է յուրացնում

Օգոստոսի 13-ին ընդդիմադիր ակտիվիստ, РеАл շարժման համահիմնադիր, տնտեսագետ Նատիկ Ջաֆարլիին փոխադրել են դատախազություն, այնտեղից էլ Նասիմինսկի շրջանի դատարան, որը և խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:

Ջաֆարլիին մեղադրում են ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես, գրանտային պայմանագրերը պաշտոնապես չգրանցելու և ստացված ֆինանսական միջոցները չհայտարարագրելու մեջ:

Եթե ընդդիմադիր է, ուրեմն նարկոտիկ ունի

Անցած ուրբաթ օրը ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ոստիկանները ձերբակալել են NIDA շարժման անդամ Էլգիզ Գահրամանովին:

Այստեղ կրկին հին խորհրդային միլիցիայի գործելաոճն է կիրառվել՝ ընդդիմադիր ակտիվիստին մեղադրել են հատկապես խոշոր քանակությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառման համար: Բաքվի Նարիմանի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:

Եթե ընդդիմադիր է, ուրեմն երկրից դուրս չի գա

Եվ վերջապես երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը քննել և մերժել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը: Հետաքննող լրագրողը պահանջել էր վերացնել երկրի տարածքը լքելու արգելքը, որը սահմանել է Բինագադինի դատարանը:

Ծանր հանցագործությունների դատարանում մերժում ստանալուց հետո Իսմայիլովան մտադիր է դիմել Ադրբեջանի Գերագույն դատարան:

Հիշեցնենք, որ Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆինանսական չարաշահումների հոդվածներով դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման, այս տարվա մայիսի 26-ին Գերագույն դատարանը ընդունել է Իսմայիլովայի նկատմամբ պայմանական ազատազրկում կիրառելու որոշում և նա դուրս է եկել բանտից:

Ալիևին հանրաքվեից առաջ անդորր է պետք

Վերլուծաբանների համոզմամբ, ընդամենը մի քանի օրում ակտիվ պատժիչ գործողություններ իրականացնելով, Ադրբեջանի վարչակարգը հետապնդում է մեկ հստակ նպատակ՝ ապացուցել, որ չեզոքացնելու և վնասազերծելու է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքի ակցիաներ անցկացնել սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG