Մատչելիության հղումներ

Փաստաբանը հակաօրինական է համարում Խանումյանի վրա հարձակված անձանց մեղադրանքի վերաորակավորումը


Հայկ Խանումյանը Ստեփանակերտի հիվանդանոցում: 7-ը հունիսի, 2016 թ․

Հայկ Խանումյանը Ստեփանակերտի հիվանդանոցում: 7-ը հունիսի, 2016 թ․

Փաստաբան Հայկ Ալումյանը անտրամաբանական ու հակաօրինական է համարում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի վրա հարձակման համար կալանավորվածների մեղադրանքը մարդ առևանգելուց խուլիգանություն վերաորակելը։

Ալումյանի խոսքով՝ 4-8 տարի հնարավոր ազատազրկումն այդպիսով մեղմացվում է՝ սահմանելով առավելագույնը 5 տարվա ազատազրկում։

ԼՂ ոստիկանության քննչական վարչության որոշումը պատգամավորի պաշտպանն արդեն բողոքարկվել է Գլխավոր դատախազություն․ - «Ոչ թե մարդուն մարդուն առևանգելու հոդվածը պետք ա վերաորակվեր խուլիգանության, այլ խուլիգանության հոդվածը պետք է ավելանար արդեն գոյություն ունեցող հոդվածին»:

Հայկ Խանումյանի վրա հարձակվողների գործողությունը խուլիգանություն որակելը, ըստ Ալումյանի, իրավաչափ կլիներ միայն այն դեպքում, երբ նրանց միակ նպատակը հասարակական կարգը խախտելը լիներ, ոչ թե պատգամավորին առևանգելն ու ծեծելը։

ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի Ղարաբաղ այցելությունից հետո, հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում՝ ԱԺ շենքի դիմաց, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հավաստմամբ, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղը, որտեղ մոտ 20 հոգով շարունակել են ծեծը:

Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 4 քաղաքացի։

Հունիսի 6-ին՝ հարձակման ընթացքում քաղաքացիների ահազանգերին ոստիկանությունը չէր արձագանքել։ Սա նույնպես, ըստ փաստաբան Ալումյանի, անհանգստացնող հանգամանք է․ - «Էդտեղ հրապարակում գտնվող մարդիկ սկսել են զանգել ոստիկանություն: Սա հանցագործության մասին հաղորդում է նշանակում: Հայկ Խանումյանին տեղափոխել են վերակենդանացման բաժին, մարդիկ շարունակել են զանգել ոստիկանություն: Ու էդ ամբողջ ընթացքում ոստիկանությունը զանգերը չի ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Ավելին, լրագրողներից մեկը զանգահարել է ոստիկանություն՝ ճշտելու համար դեպքի հետ կապված հանգամանքները, ոստիկանությունից տեղեկացրել են, որ՝ էդպիսի դեպք չի եղել, ձեզ ապատեղեկացրել են»:

Առևանգման հոդվածը խուլիգանություն վերաորակելը տուժող Հայկ ԽԱնումյանին չի բավարարում։ Կատարվածը ծաղր է համարում․ - «Սա ծաղր է արդարադատության նկատմամբ: Եվ չգիտեմ ում մտքով է անցել նախաքննական մարմնին և երկրին ընդհանրապես նման ծաղրի ենթարկել»:

Բացի այդ, Խանումյանի պնդմամբ, իր վրա հարձակվողները չորսից ավելին են եղել։ Սակայն երկու ամիս անց անգամ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել մայրաքաղաքի կենտրոնում պատգամավորի վրա հարձակվողներին․ - «Նախաքննական մարմինը բավարար ջանքեր չի գործադրել նաև մնացածի մեղքը ապացուցելու կամ փաստական նյութեր գտնելու համար: Քանզի միայն այս չորսը չեն, չորսի գործողությունների արդյունքում չէ, որ ես վնասվածքներ եմ ստացել»:

«Ազատության» հարցին, թե ինչ հանգամանքներում է կալանավորված 4 քաղաքացու մեղադրանքը վերաորակվել, ԼՂ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը պատասխանեց․ - «Նախաքննության մարմինը նպատակահարմար չի գտել, նախաքննության շահերից ելնելով, հրապարակել»:

Քրեական գործի նման ընթացքից Հայկ Խանումյանը եզրակացրել է, որ առաջիկայում Ղարաբաղում հակաժողովրդավարական զարգացումներ են սպասվում․ - «Առաջիկայում տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ․․․ Սա ընդամենը ենթադրություն է, որ եթե հասարակությունը նորմալ չարձագանքեց այս փոփոխություններին, եթե նորմալ համապետական ճակատ չստեղծվեց հանուն ժողովրդավարական արժեքների, ապա մենք կարող ենք ունենալ դեպի անդունդը գլորվող գործընթաց ժողովրդավարության առումով, որից զգալիորեն երկիրը կարող է տուժել»:

XS
SM
MD
LG