Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում, այս անգամ՝ իր քարոզչության գլխավոր պատասխանատու Պոլ Մանաֆորտի պատճառով:

Ուկրաինացի իրավապահները պնդում են՝ հայտնի քաղտեխնոլոգի անունն անցնում է Կիևում քննվող մի քանի գործերով՝ կոռուպցիայից մինչև փողերի լվացում: Մանաֆորտը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականն էր տարիներ շարունակ, և ըստ New York Times-ի՝ մոտ 13 միլիոն դոլար է ստացել իշխող կուսակցությունից՝ ծրարով:

Կիևի անկախության հրապարակում դեռ կա գրասենյակը, որը շուրջ տասը տարի տնօրինում էր Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Պոլ Մանաֆորտը, երբ նա դեռ Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների» կուսակցության խորհրդականն էր: «Մանաֆորտի անձնական իրերն ու կահույքը դեռ այնտեղ են», - գրում է New York Times-ը՝ հավելելով․ - «Ամերիկացի հայտնի քաղտեխնոլոգի ներկայությունը, սակայն, զգացվում է նաև Կիևի այլ թաղամասում, որտեղ իրավապահները քննում են նրա անվան ու բիզնեսի հետ կապվող գաղտնի փաստաթղթերը: Քննիչների տրամադրության տակ է, մասնավորապես, Յանուկովիչի կուսակցության կենտրոնակայանից առգրավված հաշվապահական հաստափոր գիրքը, որտեղ ձեռագրով՝ սևով սպիտակի վրա գրված է՝ ովքեր և որքան են ստացել ռուսամետ կուսակցությունից՝ առանց հարկային որևէ պարտավորության: Ըստ այդմ, Թրամփի օգնականը Յանուկովիչի վարչախմբից 5 տարում առնվազն 12,7 միլիոն դոլար է ստացել՝ առանց եկամուտների հայտարարագրման: Բացի այդ, քննիչները պնդում են, որ Մանաֆորտը մաս է ունեցել նաև օֆշորային ցանցում, որն օգտագործելով, ըստ քննիչների, Ուկրաինայի նախկին նախագահն ու նրա մերձավոր շրջապատը ցոփ ու շվայտ կյանք են վարել բյուջեի հաշվին»:

«Մանաֆորտը հաստատ գիտեր ինչ է կատարվում Ուկրաինայում, Յանուկովիչի կլանը ակնհայտ թաղված էր կոռուպցիայի մեջ», - թերթին ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Վիտալի Կասկոն:

Աղմկահարույց փաստաթղթերը հայտնաբերվել են, երբ Յանուկովիչը փախել է Ռուսաստան։ Նրա՝ «Ռեգիոնների» կուսակցության գրասենյակում նաև հարյուր դոլարանոցներով լի երկու չհրկիզվող պահարան էր գտնվել։ - «Դրանք մեր կանխիկ գումարներն էին, ես ինքս այնտեղից մի անգամ տասը հազար դոլար եմ ստացել Եվրոպա մեկնելու համար», - պատմել է կուսակցության նախկին անդամ Տարաս Չորնովիլը՝ մանրամասնելով․ - «Կապոցներով գումար էին տալիս ու ցուցակում նշում։ Ես կուսակցությունից դուրս եկա հենց այս ստվերային գործունեության պատճառով: Շուրջ 400 էջանոց այդ մատյանում վճարումները սկսվում են 100 դոլարից և հասնում միլիոնների։ 2012-ին, օրինակ 67 հազար դոլար է վճարվել ժամացույցի համար, ավելի քան 8 միլիոն դոլար էլ վճարվել է գովազդային մի ընկերության՝ ընտրությունների ժամանակ»:

Պոլ Մանաֆորտի անունը այդ սև հաշվապահության գրքում հիշատակվում է 22 անգամ, անվան դիմաց ստորագրություն էլ կա։ Իրավապահները, սակայն, դեռ չեն պնդում, որ գումարները հենց ամերիկացի հայտնի քաղտեխնոլոգն է ստացել, կամ նա է ստորագրել: Մյուս կողմից՝ նրա անունը ջրի երես է դուրս եկել նաև Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային մի ընկերության փաստաթղթերում, որը հարյուրավոր մութ գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ռուս հայտնի օլիգարխ, նախագահ Պուտինի մերձավոր Օլեգ Դերիպասկայի հետ:

New York Times-ը հարցազրույցի խնդրանքով դիմել է նաև Մանաֆորտին, սակայն փորձառու լոբբիստը հրաժարվել է անգամ գրավոր հարցերին պատասխանել: Վերջինիս փաստաբանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք քաղաքական ենթատեքստ ունեն: Նույնն է պնդել նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով․ - «Կոռումպացված լրատվամիջոցները ամեն ինչ անում են ինձ սևացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG