Մատչելիության հղումներ

«Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղեցույցը Մինսկի համաձայնություններն են»


Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը պատասխանում են լրագրողների հարցերին: Եկատերինբուրգ, 15 օգոստոսի, 2016 թ․
Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը պատասխանում են լրագրողների հարցերին: Եկատերինբուրգ, 15 օգոստոսի, 2016 թ․

Բանակցությունների օրակարգում Ուկրաինայի և Սիրիայի թեմաներն են:

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Եկատերինբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Բանակցություններից հետո երկու նախարարները հավաստիացրել են, որ Մոսկվան և Բեռլինը հավատարիմ են Արևելյան Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված մինսկյան գործընթացին: Լավրովը միաժամանակ պնդել է, թե ռուսներն ունեն անհերքելի ապացույցներ, որ Կիևը փորձել է վերջերս հարձակումներ իրականացնել Ղրիմում:

«Բնականաբար, մենք չենք կարող ամեն ինչ հրապարակել, սակայն բացի այն ամենից, ինչ տեսել եք հեռուստատեսությամբ, ունենք նաև սաբոտաժի փորձերի մասին անհերքելի վկայություններ: Դա վաղուց ծրագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը, և նպատակն էր՝ ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Ղրիմի շրջանում», - ասել է Լավրովը:

Ռուսաստանյան կողմը, ըստ արտգործնախարարի, պատրաստ է արևմտյան գործընկերներին տրամադրել լրացուցիչ ապացույցներ: Լավրովի խոսքով, ամեն ինչ պետք է արվի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար:

Նախարարն ասել է, որ ռուսական կողմը մտադիր չէ այդ գործողությունների պատճառով խզել դիվանագիտական կապերը Կիևի հետ, քանի որ դա «ծայրահեղ որոշում» կլիներ․ - «Կարծում եմ, այս պահին անհրաժեշտ է զերծ լինել զգացական քայլերից և չդիմել ծայրահեղ որոշումների, փոխարենը պետք է կայունացնել վիճակը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Ռուսաստանը հաղորդել է ուկրաինացի դիվերսանտների կալանավորման մասին՝ պնդելով, թե նրանք իբրև թե ծրագրել են ահաբեկչական հարձակումներ Ղրիմի տարածքում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե Ուկրաինան ընտրել է ահաբեկչության ճանապարհը, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացիների գործողություններն «անհետևանք չի թողնի»:

Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, Կրեմլը կարող է շատ պարզ եղանակով վրեժ լուծել, այն է՝ վերջ տալ Դոնբասում ռուս անջատականներին զսպելու քաղաքականությանը:

Ուկրաինան կտրականապես հերքում է Ղրիմի տարածքում սադրիչ գործողություն ծրագրելու մեղադրանքը:

Կացությունը վերջին շրջանում Ուկրաինայի արևելքում իրոք շատ է սրվել: Շտայնմայերն ասել է, որ դա խիստ մտահոգիչ միտում է, և Մոսկվային ու Կիևին կոչ է արել անհապաղ քննել ենթադրյալ սաբոտաժի մասին տեղեկությունները:

Բանակցություններից առաջ Շտայնմայերը ելույթ է ունեցել Եկատերինբուրգի համալսարանում, որտեղ ասել է, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատում գոյություն չունի և հույս է հայտնել, որ Մոսկվայի ու Բեռլինի հարաբերություններն առաջիկա տարիներն անպայման կբարելավվեն:

Նա ասել է նաև, որ տակավին կան ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հնարավորություններ, և որ կողմերի ուշադրության կենտրոնում պետք է Մինսկի գործընթացը լինի․ - «Մինսկի համաձայնություններն ուժի մեջ են․ դրանք են հակամարտության կարգավորման ուղեցույցը: Չնայած տարատեսակ ասեկոսեների, երկու կողմերն էլ ընդունում են, որ այդ համաձայնություններն են հարցը լուծելու հիմքը»:

Եկատերինբուրգի հանդիպման նախօրեին Լավրովն ասել է, որ Բեռլինն է պատասխանատվություն կրում ռուս-գերմանական կապերի վատթարացման համար:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Գերմանիայի հետ հարաբերություններին և բնավ մեղք չունենք դրանցում ի հայտ եկած ներկայիս խոչընդոտների համար», - երեկ Եկատերինբուրգում լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը:

Երկու նախարարները Եկատերինբուրգում անդրադարձել են նաև Սիրիայի թեմային:

«Մենք քննարկել ենք Հալեպի խնդիրը: Հուսով ենք, որ միասին՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և ՄԱԿ-ի մասնակցությամբ կկարողանանք թեթևացնել քաղաքացիական բնակչության վիճակը և թույլ չենք տա Հալեպի ու շրջանի հատվածները վերահսկող զինյալներին իրենց պայմանները թելադրել», - ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG