Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը


Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև Բրազիլիայում արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ:

«Հայաստանի դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: Համաձայն ս.թ. մայիսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի և Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ և բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ դեսպանության շենքը կառուցվում է Բուրմայան ընտանիքի և մասնավորապես՝ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: Դեսպանության շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում», - ասված է հաղորդագրությունում:

Հիմնարկեքի արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայաստանի արտաքին գործերի և Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարները:

«Մեր բարեկամությունը սկսել է 1992 թվականից և վերջերս շատ ավելի ամրապնդվել է, անշուշտ, նաև Ձեր ներկայությամբ այստեղ, պարոն նախագահ: Այն համաձայնությունները, որ ստորագրեցինք էլ ավելի պետք է ամրապնդեն մեր բարեկամությունը և մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եղեք, որ այս հարաբերություններն ավելի պետք է ամրապնդվեն տնտեսական ներդրումների և առողջապահական ոլորտներում: Եվ այս արարողությունը, որ տեղի է ունենում դեսպանատանը, պետք է լինի հիմք մեր երկու երկրների միջև նոր և ապագայի բարգավաճ ու խոստումնալից հարաբերությունների համար», - իր ելույթում ասել է ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան:

«Հետադարձ հայացք նետելով համատեղ անցած ուղու վրա, կարող ենք փաստել, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել և ամրապնդվել են բազմաբնույթ կապեր: Նախագահ Սարգսյանի այս այցը, վստահաբար, արգասաբեր հիմք է հանդիսանալու նոր խոստումնալից նախաձեռնություններով մեր ընդհանուր օրակարգի համալրման, հայ-բրազիլական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանն ու Բրազիլիան բարեկամության, հարգանքի և վստահության հիմքի վրա առավել ամրապնդեն սերտ հարաբերությունները երկու պետությունների ու ժողովուրդների միջև։ Սա է այն գլխավոր ուղերձը, որը մենք այժմ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությամբ զետեղելու ենք նոր դեսպանատան հիմքում», - իր ելույթում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ և պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում:

XS
SM
MD
LG