Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Իշխանության խնդիր կա Հայաստանում, խոսեն դրա մասին, թե չխոսեն»


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի, Մոսկվա գնաց «ընդամենը շատ փոքրիկ իրավիճակային խնդիրը լուծած լինելով, բայց հրաշալի հասկանալով, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել երկու կարևոր իրադարձություններ, որոնք էապես սասանել են իշխանության հիմքերը՝ ապրիլյան պատերազմ և Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավում»։

«Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ ուզենք, թե չուզենք, համարենք այն ամայի, թե՝ ոչ ամայի, ռազմավարական, թե՝ ոչ, բայց տարածքային կորուստներ ունեցել ենք, ինչը չի ունեցել Հայաստանի ոչ մի նախագահ իր նախագահության ընթացքում», - «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը՝ նշելով, որ սա ոչ միայն Սերժ Սարգսյանին դրեց խոցելի վիճակում, այլև հասունացրեց 800 հեկտարի օրակարգը։

«Քիչ էին, շատ էին, «Սասնա ծռեր»-ը գրագետ էր գործում կամ կոնցեպցիոն ծրագիր ուներ, թե չուներ, միևնույն է այդ պլատֆորմը ձևավորվել էր, որի վերացման հարցը, կներեք, ՊՊԾ գնդի ազատագրմամբ չի լուծվելու, և հետևաբար այս երկու իրադարձությունները շատ լուրջ սասանեցին իշխանության հիմքերը, հետևաբար, ես կարծում եմ, ինչպես gazeta.ru-ն է նկատել, ըստ էության, Սերժ Սարգսյանին այժմ ավելի շատ մտահոգում են այն զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ Ղարաբաղի խնդրում կամ ներքաղաքական կյանքում, որոնք կարող են բերել իշխանության փոփոխության», - ասաց փորձագետը։

«Սերժ Սարգսյանը Մոսկվա էր եկել՝ կարգավիճակի հետևից» վերնագրով ծավալուն հոդվածում gazeta.ru-ն, հիշեցնենք, գրել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը որոշիչ էր Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար:

Սաֆարյանի խոսքով՝ մամուլում շրջանառվեց ու չհերքվեց այն տեղեկությունը, թե Սարգսյան-Պուտին հանդիպումը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Փորձագետը սա պատահական չի համարում։ «Այսինքն, այնուամենայնիվ իշխանության խնդիր կա Հայաստանում, խոսեն դրա մասին, թե չխոսեն։ Այս զարգացումները որքանո՞վ են կապված արտաքին դերակատարների հետ կամ տվյալ պարագայում Ռուսաստանի հետ, միևնույն է պետք է ընդունենք, որ այդ երկու իրադարձություններն էլ, դրան գումարած ղարաբաղյան կարգավորման հետ կապված հրապարակված և գաղտնազերծված փաստաթղթերը ունակ են Հայաստանում իշխանություն փոփոխել», - ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG