Մատչելիության հղումներ

Ստորագրվել են հայ-բրազիլական համագործակցության մի շարք փաստաթղթեր


Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամանել է երկրի մայրաքաղաք Բրազիլիա: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի հանդիպումը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Միշել Տեմերին` Օլիմպիական խաղերը Բրազիլիայում հյուրընկալելու կապակցությամբ: ՀՀ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից` մարզիկների համար Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բրազիլիայում այս օրերին ընթացող խաղերը կվերահաստատեն ողջ մարդկության համար կարևոր այդ գաղափարները և կնպաստեն միջազգային մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը, ինչի կարիքը, ըստ նրա, աշխարհը զգում է հատկապես վերջին ժամանակաշրջանում: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորության մասին և ընդգծել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության և հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման հնարավորությունների շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և մատակարարման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

XS
SM
MD
LG