Մատչելիության հղումներ

Դատախազն այսօր միջնորդեց Ավետիասյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով և ցմահ ազատազրկման դատապարտել:

Ռուս զինծառայողի շահերի պաշտպան Էդվարդ Աղաջանյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ ճառին նախապատրաստվելու համար: Հաջորդ ուրբաթ նա և ամբաստանյալը ճառով հանդես կգան: Պերմյակովին նաև վերջին խոսքի իրավունք կտրվի, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուսական զինվորական տրիբունալը դասալքության, ապօրինի զենք կրելու ու հափշտակելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտեց Պերմյակովին:

Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մասով գործը հայաստանյան դատարանը քննում է արդեն 9 ամիս: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբաններն այսօր միջնորդեցին մինչև կողմերի ճառերին անցնելը դատական նիստը 2-3 շաբաթով հետաձգել, քանի որ քաղաքացիական հայցը, որով պահանջում էին ՌԴ-ից 450 հազար եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում, հիմա վիճարկվում է Վճռաբեկ դատարանում:

Դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց միջնորդությունը, ինչը հարուցեց փաստաբանների զայրույթը, ովքեր ի նշան բողոքի հեռացան նիստերի դահլիճից:

Թեպետ տուժողի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը հույս չունի, որ Վճռաբեկ դատարանը իրենց ներկայացրած բողոքը կբավարարի, այնուհանդերձ կարծում է, որ քաղաքացիական հայցը հենց այս գործի շրջանակներում պետք է քննվի, ուստի, ինչպես նշեց փաստաբանը, իրենք դատարանի կայացրած որոշումը կբողոքարկեն:

Լքելով դատարանի դահլիճը, ըստ էության, տուժողի իրավահաջորդները ճառով հանդես չեն գա դատարանում:

XS
SM
MD
LG