Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ հայցը


Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի՝ կալանքից ազատելու վերաբերյալ հայցը։ Քննելով Պետրոսյանի պաշտպանների դիմումը՝ վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հրազենային վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու մասին։

Նիստից հետո Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց՝ դատախազն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչպես կարող է հրազենային վիրավորում ստացած և անկողնուն գամված մարդը, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտել նախաքննությանը կամ թաքնվել նախաքննություն իրականացնող մարմնից։

Ազգային անվտանգության ծառայության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հովհաննես Հարությունյանը ««Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամի՝ Աշոտ Պետրոսյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը»: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի նշված երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։ Նրանք մեղադրվում են շենք-շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG