Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մեկը մյուսի հետևից մերժում է «Սասնա ծռերի» գործով դիմումները


Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյան

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հայցը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի՝ երկու ամսով կալանավորման մասին որոշումը։

Նիստից հետո Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ դատախազն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչպես կարող է հրազենային վիրավորում ստացած և անկողնուն գամված անձը ազատության մեջ խոչընդոտել նախաքննությանը կամ թաքնվել նախաքննական մարմնից։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Հովհաննես Հարությունյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի նշված երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։ Նրանք մեղադրվում են շենք-շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեջ։

Թե՛ Պետրոսյանը, թե՛ Հարությունյանն այժմ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ, ինչպես շարունակում են ահազանգել պաշտպանները, չկան անհրաժեշտ պայմաններ հրազենային վիրավորում ստացած հիվանդների ապաքինումը կազմակերպելու համար։

Ոտքից հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանը կրկնակի վիրահատության կարիք ունի, որն, ըստ Արայիկ Պապիկյանի, «Դատապարտյալների հիվանդանցում» դժվար է կատարել։

«Սասնա ծռերի» անդամների պաշտպանները կարծում են, որ Վերաքննիչ դատարանը մեկը մյուսի հետևից կմերժի բոլոր դիմումները։

Այսօր կեսօրին էլ Վերաքննիչը մերժեց «Սասնա ծռերի» անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի դիմումը: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Խանդոյանին երկու ամսով կալանավորելու որոշումը և ազատ արձակել նրան։

«Բնական է՝ հերթական քաղաքական որոշումը, որ դատարանը կայացրեց: Մենք դատավորներ չունենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ղարագյոզյանը՝ կարծիք հայտնելով, որ Արարատ Խանդոյանին պատժում են եղբոր գործունեության համար:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արարատ Խանդոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով: Մասնավորապես՝ Խորենացի փողոցի բողոքի ակցիաների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու մեջ։ Պաշտպանի պնդմամբ, նախաքննական մարմինը հիմնվում է մի տեսագրության վրա, որտեղ Արարատ Խանդոյանը միայն փորձում է կանխել ոստիկանի կողմից իր գլխին ուղղված հարվածը։

«Տեսանյութում երևում է, որ Արարատ Խանդոյանը խաղաղ հավաքի է մասնակցում և խնդրում է, որ որևէ մեկը քարեր չնետի ոստիկանի վրա», - ասաց Ղարագյոզյանը:

Պաշտպանի պնդմամբ, Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի պես որոշեց ճաղերի հետևում պահել Խանդոյանին՝ հիմնվելով դատախազի այն տեսակետի վրա, թե նա, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը։

Խանդոյանների մայրը՝ Ռիմա Խանդոյանն ու մյուս հարազատները բորբոքված էին դատարանի կայացրած որոշումից:

«Ովքեր որ հերոսներին դարձնում են դավաճան, ովքեր որ անմեղ տեղը բռնում են, դատապարտում են, Աստված ընենց իրանց դատապարտի, որ ես գիտենամ: Իմ էրեխեքն անմեղ են, հերոս էղել են, հերոս էլ կմնան: Էդքան ցավին, էդքան վիրավորվածությանը եթե դիմացել են, սրան էլ կդիմանան», - հայտարարեց Ռիմա Խանդոյանը:

Նախաքննական մարմինը տեսակցության արգելք է սահմանել «Սասնա ծռերի» գործով անցնող մեղադրյալների վրա։ Երկու օր շարունակ պատգամավորներն ահազանգում են, որ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից՝ տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում պահվողներին։ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը դիմել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ հայտնելով, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռերի» անդամներին։ Փոստանջյանը, վկայակոչելով օրենսդրությունը, նշում է, որ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Մինչդեռ, ինչպես իր նամակում նշում է Փոստանջյանը, տեղեկություներ կան, որ այդ անձանցից մի քանիսին տեսակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Այսօր նման մի գրությամբ Հատուկ քննչական ծառայություն է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ հրապարակելով ՀՔԾ ներկայացրած իր գրությունը։

Փաշինյանը ևս պնդում է, որ դեռ հուլիսի 28-ին ցանկացել է մուտք գործել ԱԱԾ ձերբակալվածների վայր, բայց մերժվել է։ Պատգամավորը հայտարարում է, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է:

Նման իրավիճակի առջև են կանգնել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, երբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Նաիրա Զոհրաբյանին և մյուս պատգամավորներին արգելել է տեսակցել Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG