Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը տապալման եզրին է


Թեև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարը առկա է, իշխանությունները պնդում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով դեռ հստակ չէ՝ արդյոք հնարավոր կլինի՞ այդ բարեփոխումները իրականացնել մինչ խորհրդարանական ընտրություններ, թե՝ ոչ։

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ հարցը գումարը չէ, խնդիրները տեխնիկական են, բանակցություններ են տարվում և բարեփոխումները կյանքի կոչելու հարցը պարզ կլինի օգոստոսի վերջին:

Վերջնական որոշումը կայացնելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մինչդեռ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գումարի լինել-չլինելու մասին չի կարող խոսել։

«Մենք նշված բանակցություններին չենք մասնակցել, հետևաբար ես ո՛չ առկայության, ո՛չ բացակայության մասին ոչինչ տեղեկացնել չեմ կարող: Ժամկետ կա․ ժամկետը կլրանա՝ համապատասխան ժամկետում մենք բնականաբար ևս հարցում կանենք, կճշգրտենք», - նշեց Մուկուչյանը:

Փոփոխված օրենքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 1-ը պետք է որոշում կայացնի, այլապես օրենքը չեղյալ է համարվում: Որոշում կայացնելու համար, ըստ օրենքի, անհրաժեշտ է՝ «ֆինանսական միջոցների առկայության և սույն օրենքով սահմանված գործընթացները մեկնարկելու մասին որոշում»: Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, պնդում է, որ դրական որոշում իրենք կկայացնեն, եթե բացի գումարից նաև տեխնիկական միջոցները ապահովված լինեն․ - «Ինչը նշանակում է համապատասխան սարքավորումների, ծրագրային ապահովման փաթեթների և այլնի ձեռք բերման համար և դրանով նախատեսված գործընթացները մեկնարկելու հետ կապված: Երբ որ այդ ամբողջ հանրագումարը կյանքի կոչված կլինի, դրա վերաբերյալ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումը կկայացնի»:

Անհրաժեշտ գումարը մոտ երկու ամիս առաջ արդեն առկա է եղել, մինչդեռ իշխանությունները այդ մասին մինչ օրս լռում էին, պնդում է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պիոտր Սվիտալսկին իրեն դեռ երկու ամիս առաջ ասել է, որ գումարը կա: Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ դեսպանը այդ մասին նաև իշխանություններին է տեղեկացրել։

«Մոտ 18 միլիոն եվրո գումար արդեն կար դեռևս 2 ամիս առաջ: Այդ ամբողջ փուլի՝ 10 մատնահետքի, գրանցման էլեկտրոնայնացման, ամբողջ գործընթացի շղթան ապահովելու համար անհրաժեշտ էր 16 միլիոն եվրո», - ասաց Զոհրաբյանը:

Այս տարվա հունիսի 30-ին խորհրդարանում ընդունված ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում անհրաժեշտ գումարի առկայության և գործընթացը մեկնարկելու մասին որոշում ընդունելուն հաջորդող օրվանից: Փոփոխությունների գործընթացը, մասնավորապես, ենթադրում է ընտրողների մատնահետքերի հավաքագրում, որը ընտրությունների ընթացքում, ըստ ընդդիմության, էապես կնվազեցնի կեղծիքների քանակը։ Հենց մատնահետքերի հավաքագրման համար անհրաժեշտ գումարն էին իշխանությունները դոնոր կազմակերպություններից ակնկալում։ Փոփոխություններով նախատեսվում է նաև, որ ընտրությունները կիրականացվեն միայն նույնականացման քարտերով, իսկ ընտրական գործընթացը տեղամասերից ուղիղ եթերով կհեռարձակվի:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ իշխանությունները միտումնավոր են գործընթացը ձգձգում, որպեսզի մատնահետքեր վերցնող կազմակերպությունները ժամկետների սղության պատճառով հրաժարվեն աշխատանքից։

«Ես իրավունք ունեմ արդեն մտածելու, որ իրենց պետք չեն ազատ և արդար ընտրություններ», - ասաց Զոհրաբյանը:

Ընտրական օրենսգրքում այս փոփոխությունների փաթեթը հաստատվել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների քննարկումների արդյունքում։ Ձևաչափի հեղինակ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեռ լռում է: «Ազատության» հետ զրույցում Զուրաբյանն ասաց, որ սպասում է ԿԸՀ-ի կողմից գումարի առկայության հաստատմանը։

Դաշնակցությունում էլ են տեխնիկական խնդիրներից տեղյակ, ասացին, որ հաջորդ շաբաթ քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն ընդունելի լուծում գտնելու համար։

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իշխանությունների պատճառով այս ֆորմատը տապալման եզրին է։

XS
SM
MD
LG