Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ հրամանատար․ Մինչ ապրիլյան պատերազմը խորքային հետախուզության տեխնիկական միջոցներ չեն եղել


Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան, արխիվ
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան, արխիվ

Գեներալ Լևոն Մնացականյանը խոստովանում է՝ հենց այդ միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, թե հայկական զինուժը ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում հնարավորություն չի ունեցել բացահայտել հակառակորդի կողմից նախապատրատվող լայնածավալ գործողությունները՝ հետախուզության տեխնիկական միջոցների բացակայության պատճառով:

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած մամլո ասուլիսում գեներալ-լեյտենանտ Մնացականյանը, ըստ «Արցախպրես» պետական գործակալության, մասնավորապես, նշել է՝ «Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել խորքային հետախուզություն իրականացնել և բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները: Սակայն, այժմ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորության վրա հետախուզություն իրականացնել, և մշտապես դիտարկում ենք ադրբեջանական զինուժի բոլոր տեղաշարժերն ու գործողությունները»:

Գեներալը նաև ասել է՝ «Հիմա մեր հնարավորություններն ավելի են մեծացել՝ մինչև մեզ անհրաժեշտ խորությունը հետախուզել, իմանալ հակառակորդի հետագա անելիքները և իհարկե՝ կատարել հետևություններ: Մենք հնարավորություն ունենք, բացի ցերեկային պայմաններից, արդեն մեզ անհրաժեշտ խորության վրա իրականացնել նաև հետախուզություն գիշերային պայմաններում»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն, այդուհանդերձ չի պարզաբանել (առնվազն, այդ մասին չի հայտնում «Արցախպրես»-ը), թե 1994 թ․ զինադադարից ի վեր՝ 22 տարի շարունակ, ինչու՞ հայկական ուժերը համալարված չեն եղել հետախուզության համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն կտար բացահայտել լայնածավալ գործողություններ իրականացնելու՝ հակառակորդի մտադրությունը:

Ապրիլյան պատերազմը Հայաստանի իշխանությունների հասցեին սուր քննադատություն հարուցեց, հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ հայկական զինված ուժերը կռվում էին 1980-ական թվականների զենքով:

Պատերազմին հաջորդած շաբաթներին պաշտոնանկ արվեցին Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և սպառազինության վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանը, ով ավելի ուշ կալանավորվեց, սակայն, անազատության մեջ միայն հաշվված օրեր անցկացրեց: Մոտ մեկ ամիս առաջ էլ փոխվեցին Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով, իշխանությունները պետք է պատասխան տան հետևյալ հարցին՝ ինչու՞ նախորդ 22 տարիների ընթացքում զինված ուժերը չեն ապահովվել կենսական անհրաժեշտության տեխնիկական միջոցներով: «Եթե հայտարարվում է, որ 4 ամսվա ընթացքում ամեն ինչ ձեռք է բերվել, ամեն ինչ ունեն և ավելի պատրաստ են լայնածավալ գործողությունների․․․ արդեն ամեն ինչ տեղն է գալիս: 20 տարուց ավել, պարզվում է, հնարավոր չէ՞ր էդ ամեն ինչը անել: Հարց է ծագում, չէ՞, էդ ո՞նց: Որեմն և՛ ֆինանսներ եղան, և՛ շատ կարճ ժամանակում դա արվեց․․․ ես իսկապես եղել եմ Ղարաբաղում, գիտեմ՝ ահռելի աշխատանք է տարվել էդ ուղղությամբ»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա, այն, որ ապրիլյան պատերազմից հետո զինված ուժերում տեղի ունեցան առանցքային պաշտոնանկություններ, վկայում է, որ իշխանությունը ևս ընդունում է՝ մեղավոր են՝ «Ժողովուրդն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո միանգամից ցույց տվեց, թե ուր են գնացել այդ [բանակի] փողերը՝ էդ շենքերը, մեքենաները, ասել են՝ վաճառեք, բանակը զինեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG