Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ՝ «Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա»


Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։

«Երեկ հետևյալ գրությամբ դիմել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, որովհետև կարծում եմ, որ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ հրապարակելով ՀՔԾ ներկայացրած իր գրությունը։

Գրությունում մասնավորապես ասված է. - «Հուլիսի 28-ին այցելել եմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ Ազգային ժողովի պատգամավորի վկայականս և ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր: Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել: Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, և իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որևէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ»:

Փաշինյանը հայտարարում է, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: «ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ ձեռնարկել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված միջոցներ և քրեական պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց», - ասված է գրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG