Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը միանում է «Չորս +» նախաձեռնության մշակած ճանապարհային քարտեզին


«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարում է «Չորս +» նախաձեռնության մշակած ճանապարհային քարտեզին միանալու որոշման մասին։

«2016 թվականի ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը և հուլիսի 17-ից 31-ը «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբության փորձը ստիպում է բոլորիս ելքեր փնտրել՝ դուրս գալու համակարգային այս ճգնաժամից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը», - ասված է այսօրվա հայտարարությունում։

«Լուսավոր Հայաստան»-ը նշում է, որ կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է կատարել հրատապ և խորքային փոփոխություններ:

«Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանում է «Չորս+» նախաձեռնության կողմից մշակված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզին՝ այն դարձնելով իր քաղաքական օրակարգի բաղադրիչներից մեկը: Մենք համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է իրականացվեն ճանապարհային քարտեզում նշված բոլոր կետերը` ստիպելով իշխանություններին մինչև խորհրդարանական ընտրությունները գնալ հրատապ և առարկայական փոփոխությունների», - ասված է հայտարարությունում։

«Չորս+»-ը ձևավորել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և նախաձեռնության հիմնարար նպատակն է՝ «նպաստել Սահմանադրության 1 և 2 հոդվածներով սահմանված կարգի վերականգնմանը, հասնել Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների կիրառմանն և իրավունքի գերակայությանը, ձևավորել հասարակությունում անձի արժանապատվության արժեվորման և բռնության մերժման մշակույթ, նպաստել հասարակության իրավագիտակցության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG