Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Վտանգավոր է Թուրքիայի ձգտումը՝ ներգրավվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում


1

1

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վտանգավոր է գնահատում Թուրքիայի ձգտումները՝ ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

«Իրոք շատ վտանգավոր է և բացատրեմ՝ ինչու. Պուտինի համար պայքարը Եվրամիության և ՆԱՏՕ-ի դեմ, դա կյանքի մակարդակի պայքար է։ Չգիտեն՝ ոնց ստացվեց, որ Պուտինն այս մասշտաբի ատելությամբ լցված է այդ կազմակերպությունների նկատմամբ՝ Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ, Եվրամիություն, բայց իրոք իր համար դա գերխնդիր է՝ ճնշել, ու Թուրքիան դա հասկացավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Ռուսաստանին կարելի է համոզել ինչ-որ զիջումների գնալ, եթե Թուրքիան միանա այդ հակաեվրոպական քայլերին։

Օգոստոսի 10-ին, հիշեցնենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով։ Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ևս անդրադարձել է այս թեմային ու նշել, որ դրան հավանություն են տվել և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմերը: Թուրքիայի նախագահի խոսքով` այս ձևաչափով համագործակցության նպատակն է մոտիկից հետևել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Գրիգորյանի խոսքով՝ շատ կարճ ժամանակում Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ունենալ շատ մոտ դիրքորոշումներ, սակայն, ըստ քաղաքագետի, այդ երկու պետություններն ունեն այնքան տարաձայնություններ, որ այդ ալյանսը երկարաժամկետ չի լինի, բայց այսօրվա համար, ըստ Գրիգորյանի, դա [համագործակցությունը] վտանգավոր է։

«Հիմա ես մի սցենար ձեզ ասեմ, որի դեպքում Ռուսաստանը նույնիսկ չի էլ մտածելու՝ ուղղակի մեզ կճնշի, կփորձի ստիպել, որ մենք տարածքները հանձնենք Ադրբեջանին. Թուրքիան ասում է՝ «Ռուսաստան, ես խուզում եմ Եվրամիության հետ միգրանտների հետ կապված պայմանագիրը», որը կյանքի մակարդակի անհրաժեշտություն է Եվրամիության համար, ու «սառեցնում եմ ՆԱՏՕ-ի ծրագրերում իմ մասնակցությունը՝ ինչ-որ մի մասում»։ Ռուսաստանը դրա խաթր, կներեք էլի, իր տարածքից մի բան էլ կտա, ոչ միայն հայ ժողովրդի տարածքով... քանի որ գերխնդիր է այսօր Պուտինի համար։ Նույնն Ադրբեջանը. Ադրբեջանն ունի տալիք Ռուսաստանին, օրինակ, կասի՝ «ես Եվրասիական տնտեսական միության մեջ կմտնեմ»։ Կամ Ադրբեջանը համաձայնություն կտա, որ այդ բեռները Իրանով, Ադրբեջանով մտնեն դեպի Ռուսաստան ու գնան դեպի Եվրոպա։ Դրանով Ռուսաստանը պարզ է չէ...», - ասաց քաղաքագետը։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պարագայում, Գրիգորյանը պատասխանեց. - «Հայաստանը կարող է անել շատ հասարակ բան՝ դադար տա այդ քաղաքականությանը, որի համաձայն մենք ամեն ինչ պարտքի դիմաց տալիս ենք Ռուսաստանին։ Իշխանությունները կարող են ուժեղացնել նաև ընդդիմադիր դաշտը, լավ իմաստով եմ ասում, տան, որ հանգիստ մարդիկ գործեն, որ հանգիստ պայքարեն, որ ցույց տա Պուտինին, որ տարբերակ չկա, էս ժողովուրդը դեմ է էս ձևի զիջումների, Հայաստանը դադարեցնի այդ կոռուպցիան, պայքարի կոռուպցիայի դեմ, որ բանակը կարողանանք պահել։ Հասկանում եք, Հայաստանը շատ բաներ կարող է անել, առաջի հերթին ես իշխանությունների մասին եմ ասում, քանի որ լծակներն իրենց ձեռքում են. դանդաղաշարժ, առաջինն, ու շատ անգամ ես չեմ էլ տեսնում, որ իրենք հասկանում են պետականամետությունն ինչ է, ասենք՝ պետական շահը որն է այս պահին»։

XS
SM
MD
LG