Մատչելիության հղումներ

ГАЗЕТА. Սարգսյան-Պուտին հանդիպումը որոշիչ էր ՀՀ նախագահի քաղաքական ճակատագրի համար


Ռուսաստանյան մամուլն արձագանքել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպմանը:

Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երեկվա հանդիպումը որոշիչ էր Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար: Նման արձանագրում է անում ռուսաստանյան gazeta.ru պարբերականը՝ «Սերժ Սարգսյանը Մոսկվա էր եկել՝ կարգավիճակի հետևից» վերնագրով ծավալուն հոդվածում:

Հանդիպումը Սարգսյանի համար շատ կարևոր էր հատկապես հիմա․ բոլորովին վերջերս նա ճնշել էր իշխանությունների դեմ զինված ապստամբությունը, գրում է հոդվածագիրն ու շարունակում՝ սրանք առաջին բանակցություններն էին Հայաստանի ներքաղաքական սուր ճգնաժամից հետո, որը քիչ էր մնում վերածվեր ռազմական հակամարտության։

Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանցքային է Սարգսյանի քաղաքական ապագայի համար և հենց դրա հետ էին կապված հուլիսյան անկարգությունները Հայաստանում, նկատում է gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ զինված խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, «այդ թվում՝ նաև ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»: Ու չնայած Սերժ Սարգսյանն այդ իրադրությունում հաղթել է, նա իր դիրքերը մասամբ է միայն ամրապնդել, գրում է ռուսական պարբերականը՝ ընդգծելով հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին ՌԴ ղեկավարն իր աջակցությունը հայտնեց Սարգսյանին՝ «Սասնա ծռեր»-ի հարցում: Հրապարակումը հիշեցնում է Պուտինի խոսքերը՝ Ռուսաստանն ի սկզբանե խստորեն դատապարտել է զինյալների գործողությունները: Պարբերականի տվյալներով, Պուտինի և Սարգսյանի երեկվա հանդիպումը տևել է մեկ ժամից էլ պակաս։

gazeta.ru-ն, ի դեպ, փոքրիկ հարցում է անցկացրել Հայաստանում և պարզել՝ Հայաստանի քաղաքացիների մի մասը համարում է, որ Պուտինն ընդամենը սեփական աշխարհաքաղաքական խնդիրներն է լուծում և հերթական անգամ նա «Սարգսյանի վրա իր ոտքերը կմաքրի»: Պարբերականն այնուհետև նշում է՝ միակ կոնկրետ արդյունքը, որ կարող էր ակնկալել Հայաստանի նախագահը օգոստոսի 10-ին կայացած հանդիպումից՝ խոստացված ռուսական զենքի մատակարարումն էր, սակայն, ասուլիսի ժամանակ Պուտինը թեև ասաց, որ Ռուսասաստանը միշտ կատարում է իր պարտականությունները, այդուամենայնիվ, հստակ ժամկետներ չնշեց: gazeta.ru-ն այդ համատեքստում հիշեցնում է Ռուսաստանի նախագահի խոսքերն Ադրբեջանի մասին՝ «այդ երկիրը հարուստ, նավթային երկիր է, արագ զարգացող տնտեսություն ունի և կարող է զենք գնել ցանկացած երկրից»:

Ռուսական պարբերականն իր հրապարակման մեջ մեջբերել է հայաստանյան «ԱՆԻ» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանի խոսքը․ վերջինս, «հղում անելով իր հավաստի աղբյուրին», ասում է, թե Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպմանն առաջարկվել է, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը նախատեսում է Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղին տրվելիք որոշակի կարգավիճակի դիմաց, որը թեև անկախություն չէ, բայց ավելին է, քան իքնավարությունը: Ռուսական պարբերականը եզրակացնում է՝ հուլիսյան ճգնաժամից հետո դժվար թե հայաստանյան հասարակությունը պատրաստ լինի զիջումների:

Նախօրեի մոսկովյան բանակցություններին է անդրադարձել նաև ռուսական «Կոմերսանտ»-ը, մասնավորապես, նշելով՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը վաղուց էր նախատեսված: «Оգոստոսի 8-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, որոնց հիմնական թեման հենց Ղարաբաղն էր, Վլադիմիր Պուտինը չէր կարող չհանդիպել նաև իր հայաստանցի կոլեգայի հետ»,- գրում է պարբերականը՝ ակնարկելով, որ Բաքվում տեղի ունեցած բանակցությունները, փաստորեն, մոտեցրին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման օրը: «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր աղբյուրին, նաև գրում է, թե աշխատանքներ են տարվում՝ Հայաստանի և Ադրեբջանի նագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Չի բացառվում, որ այն անցկացվի նույն ձևաչափով, ինչ ձևաչափով տեղի ունեցավ սանկտպետերբուրգյան հանդիպումը»,- գրում է «Կոմեևսանտ» պարբերականը:

XS
SM
MD
LG