Մատչելիության հղումներ

Վերլուծաբանը զավեշտալի է որակում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը 


Վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը զավեշտալի է որակում երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ արած հայտարարությունը:

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի «ՀՆԱ-ի` 10 տոկոսով աճի կապակցությամբ»: Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարեց, թե «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»:

«Պուտինի մատնանշած էդ տասը տոկոս ՀՆԱ-ի աճը, ես կարծում եմ, որ ավելի շատ զավեշտալի է, և եթե այդտեղ հեգնանք չկա Հայաստանի հասցեին, ապա ընդամենը խոսք է՝ ասելու համար, տնտեսական ինչ-որ էֆեկտի մասին տպավորություն թողնելու համար, որովհետև, ի վերջ, հայ գործարարներից կարելի է հարցներ և հայ գործարարները բազմաթիվ անգամներ արտահայտվել են այն մասին, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը բացի տնտեսական խնդիրներից, ուրիշ որևէ խնդրի չի հանգեցրել, ուրիշ որևէ էֆեկտի չի հանգեցրել, և, այս առումով, տնտեսական պատկերն է առավել խոսուն, քան թղթային ցուցանիշները, որոնց մասին խոսում է Պուտինը», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Բադալյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես հեռացել են միջպետական բնույթից։

«Հայ-ռուսական հարաբերությունները, եթե համեմատում ենք Ադրբեջանի հետ, ոչ միայն տնտեսական առումով, այլև նույն ռազմատեխնիկական առումով մենք տեսնում ենք, որ 200 միլիոն դոլարի վարկի ծրագիրն անորոշ է ռուսական դեպքում, թեկուզ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց փոխարենն Անդրբեջանի հետ այդ միլիարդավոր դոլարների ռազմատեխնիկական գործակցություն իրականացվում է ժամացույցի ճշգրտությամբ և սա էլ ինքնին խոսուն փաստ է, խոսուն վկայություն է։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես հեռացելեն միջպետական բնույթից, և այստեղ առաջնային պատասխանատվությունը Հայաստանի իշխանության քաղաքականության վրա է. իշխող համակարգի երկու տասնամյակի քաղաքականության շնորհիվ ռազմավարական գրեթե բոլոր հզորությունները դրվեցին Ռուսաստանի տրամադրության տակ, որոնք ի վերջո բերեցին ոչ միայն այդ հզորություններում ճգնաժամային իրավիճակի, այլ ընդհանրապես ճգնաժամ առաջացրին հայ-ռուսական միջպետական հարաբերություններում», - ասաց վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG