Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԻՊ խմբավորման անդամ է ձերբակալվել՝ ծնունդով Հայաստանից


Թուրք ոստիկանը՝ Սիրիայի հետ սահմանին, արխիվ

Թուրք ոստիկանը՝ Սիրիայի հետ սահմանին, արխիվ

Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։

Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյանն է, նա ծնվել է Հայաստանում, ազգությամբ եզդի է ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։

Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին։

Ըստ տեղի իրավապահների, ձերբակալության պահին Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայում արված լուսանկարներ և տեսանյութեր, քարտեզներ, որոնք ապացուցում են նրա մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։

Ալոյանին պատկանող մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և նյութեր, ինչպես նաև հեռակառավարման վահանակներ։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ գավառի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Ալոյանի անունն ընդգրկված է Թուրքիայի կազմած ահաբեկիչների անվանացանկում։ Նրա մուտքը Թուրքիա արգելված է։

Իրավապահներին նաև հաջողվել է պարզել, որ Ալոյանը 2015 թվականին Սիրիա մեկնելուց մի քանի ամիս անց հրետանային վիրավորում է ստացել Հալեպում և միառժամանակ բուժվել։ Բուժումից հետո փորձել է մտնել Թուրքիա, մասնավորապես, Ստամբուլ, որտեղ, ըստ հրապարակման, բնակվում է Ալոյանի ընտանիքը։

Դատարանի որոշմամբ կալանավորված Արտյոմ Ալոյանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ ինքը ծնունդով Հայաստանից է, ազգությամբ եզդի, Սիրիա է մեկնել 2015 թվականին։ Մինչ այդ՝ 2002 թվականին Հայաստանից արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ էլ քաղաքացիություն է ստացել, ապա 2012 թվականին ընդունել է իսլամ, ավելի ուշ սկսել է ուսումնասիրել ջիհադը և որոշել մեկնել Սիրիա և պատերազմել «Ալ-Նուսրա» խմբավորման կողմից։

Նշենք, որ «Ալ-Նուսրա ճակատ»-ը կազմավորվել է 2012 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներին։ Այն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների կողմից։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում այս զինված խմբավորումը 2014 թվականի օգոստոսից դարձել է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հիմնական թիրախներից մեկը։

XS
SM
MD
LG