Մատչելիության հղումներ

Լրագրողական հանրությունը «սպասում է կոնկրետ քայլերի»


Լրագրողների դեմ բռնություններ կիրառած անձանց անհապաղ պատժելու պահանջով այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույց անցկացրին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Հանուն խոսքի ազատության» հավաքի մասնակիցները հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով լրագրողների դեմ իրականացվող հարձակումները:

«Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի․ պետք է լինեն կալանավորումներ: Մենք պատրաստ ենք օգտագործել լրագրողական բոլոր, ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար՝ եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետևանքներ», - հայտարարեցին ցույցի մասնակիցները:

Լրագրողների հավաքից շուրջ մեկ ժամ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ երկու մարդ է ձերբակալվել հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար: Ըստ ՀՔԾ-ի, «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների երթը լուսաբանելիս ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են:

Լրագրողների դեմ բռնությունները դատապարտող հայտարարությանը միացավ նաև Ոստիկանության «02» շաբաթաթերթը: Այդուհանդերձ, հավաքին ներկա Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պնդեց, որ առայժմ հայտնի չէ որևէ փաստ, որ ոստիկանները բռնություն գործադրած լինեն լրագրողների դեմ․ - «Համացանցում մինչ այս պահը ես չեմ տեսել քաղաքացիական հագուստով ոստիկան, որը բռնություն է կիրառում լրագրողի կամ քաղաքացու նկատմամբ»:

Դիտարկմանը, թե տեսանյութերում հստակ երևում է, որ նրանց ձեռքում մետաղյա ձողեր կան, որ նրանք հրահանգավորում են մյուսներին, Ահարոնյանն արձագանքեց․ - «Եկեք չտեսած, չփաստարկված հայտարարություններ չանենք»:

«Ա1+» կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ իրավական միջոցները չեն գործում, դրա համար էլ լրագրողները ստիպված են փողոց դուրս գալ․ - «Եթե սա էլ չաշխատեց, ուրեմն մենք ո՛չ իշխանություն ունենք, ո՛չ էլ պետության հիմքեր: Ես համարում եմ, որ լրատվությունը, որպես չորրորդ իշխանություն, չի կայացել Հայաստանում՝ «ի շնորհիվ» այ սենց բռնությունների»:

«Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն էր հայցել լրատվամիջոցներից տեղի ունեցած բռնությունների համար և կոչ արել մոռանալ տեղի ունեցածը:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասում է, որ պետք էր ավելին, քան ներողությունը․ - «Լավ է արել, որ ներողություն է խնդրել, բայց դա, բնականաբար, բավարար չէ: Մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված և դատարանի առաջ կանգնած ոստիկաններին՝ անկախ նրանից, թե նրանք համազգեստով են եղել այդ օրը, թե առանց համազգեստի»:

«Ա1+»-ի տնօրենը չի հավատում, թե նախագահի խոսքից հետո բռնությունները լրագրողների դեմ չեն կրկնվելու․ - «Նախագահը տարիներ շարունակ տարբեր հայտարարություններ անում է, որևէ մեկը ի կատար ածվե՞լ ա մինչև այսօր: Ո՛չ: Դրա համար էլ ես չեմ հավատում»:

Լրագրողների հայտարարությանը միացան նաև որոշ պատգամավորներ: Նախկինում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր աշխատանքի տարիներից մինչև օրս ոստիկանության գործունեությունը չի փոխվել․ - «Ինչպե՞ս կարող է փոխվել ոստիկանությունը, երբ չի փոխվել իշխանության ակնկալիքը ոստիկանության նկատմամբ»:

Օրերս հայտնի դարձավ, որ 4 ոստիկանների մեղադրանք է առաջադրվել նախորդ տարի Բաղրամյանում ցույցերի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:

Մեդիա դաշտի ներկայացուցիչներն այսօր հույս հայտնեցին, որ Սարի թաղում լրագրողների ծեծի ու բռնությունների բացահայտման համար մեկ տարի չի պահանջվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG