Մատչելիության հղումներ

Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բարձրացվում է «որակապես նոր մակարդակի»


Ռուսական «Սմերչ» հրթիռային համակարգ: Ըստ ռուսական մամուլի, Ադրբեջանը Մոսկվայից գնել է առնվազն 18 նման կայանք:
Ռուսական «Սմերչ» հրթիռային համակարգ: Ըստ ռուսական մամուլի, Ադրբեջանը Մոսկվայից գնել է առնվազն 18 նման կայանք:

Փորձագետի կարծիքով, Մոսկվայի և Բաքվի ռազմական խորացող համագործակցությունն «ավելի մեծ սպառնալիքներ» է ստեղծում Հայաստանի համար:

Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ երկու օր առաջ Բաքու կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ արդեն հաջորդ ամիս՝ սեպտեմբերին, երկու երկրների միջև համաձայնագիր է ստորագրվելու, որով նախատեսվում է Ադրբեջանում բացել ռազմական ուղղաթիռներ արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ Вертолеты России-ի սպասարկման կենտրոն․ այն իրականացնելու է ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգումը:

Օգոստոսի 8-ին Պուտինի հետ Բաքվում էր նաև Ռուսաստանի փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը, ով միայն այս տարի հինգ անգամ այցելել է Բաքու: «Ռուսաստանի Դաշնությունը, որպես լավ և ոչ թանկ սպառազինություն արտահանող, անշուշտ, հետաքրքիր է Ադրբեջանին»,- ըստ РИА Новости-ի, հայտարարել է Ռոգոզինը՝ հավելելով, որ հաջորդ տարի Մոսկվան Բաքվին կվաճառի Руслан (Ан-124) տեսակի բեռնատար մեկ ինքնաթիռ: ՌԴ փոխվարչապետն ասել է նաև, որ Ադրբեջանում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան: Ռոգոզինը, սակայն, չի մանրամասնել՝ ի՞նչ ինքնաթիռների մասին է խոսքը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին սպառազինության պարզ վաճառքից Կրեմլն արդեն անցում է կատարում նոր մակարդակի ռազմա-տեխնիկական համագործակցության: «Այս նոր զարգացումը ցույց է տալիս, որ հարցն այլևս այն չէ, որ Ադրբեջանին սպառազինության թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է, մենք գործ ունենք ավելի լուրջ խնդրի հետ, քան սպառազինության մատակարարումն է: Այժմ վտանգը և սպառնալիքներն ավելի մեծ են, որովհետև գործ ունենք ռուս-ադրբեջանական ռազմական նոր մակարդակի համագործակցության հետ»,- ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, պակաս կարևոր չէ այն, որ նոր մակարադակի ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին հայտարարվում է ղարաբաղյան բանակցությունների ֆոնին՝ «Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության նոր զարգացումները միայն մեծացնում են Ադրբեջանի հարձակողական ներուժը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դիվանագիտական ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ՝ նաև հանդես գալով, որպես ռազմական անվստահելի գործընկեր: Ուստի, մենք պետք է ակնկալենք, որ ոչ միայն կաճի Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվող սպառազինության քանակը, այլև կխորանա երկու երկրների ռազմա-տեխնիկական համագործակցությունը»:

Ապրիլյան պատերազմից հետո, Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ռուսական զենքով ադրբեջանցիները երեխաներ են սպանել: «Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն, ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,- դիմելով Մեդվեդևին, ասել էր Սարգսյանը:

Հայաստանի նախագահի այս հայտարարությունից օրեր անց Эхо Москвы ռադիոկայանի եթերում Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինը, արձագանքելով Մոսկվայի հասցեին Հայաստանից հնչող քննադատությանը, «դեմագոգիա» և «քարոզչական փսլինք» էր անվանել այն: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի համաձայն, 2011-2015 թվականների ընթացքում, 2006-2010 թվականների համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից: Նախորդ հինգ տարիներին ռուսաստանյան սպառազինության ողջ արտահանման 4.9 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG