Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Ձևավորվում է որոշում կայացնող մի նոր իշխանական ֆորմատ


Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ աշխատակազմին ներկայացնում է խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: 6-ը հունիսի, 2016 թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ աշխատակազմին ներկայացնում է խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: 6-ը հունիսի, 2016 թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է լուծարել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը․ դրա փոխարեն ստեղծվելու է խորհրդի քարտուղարություն:

Ըստ նախագահի հրամանագրի, փոփոխությունների նպատակը Ազգային անվտանգության խորհրդի դերը բարձրացնելն է, նաև համապատասխանեցնելը այն նոր կարգավիճակին, որ տրվել է խորհրդին նոր Սահմանադրությամբ․ խորհրդակցական մարմնից ԱԱԽ-ն պետք է վերածվի որոշումներ կայացնող մարմնի:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը չի կարծում, որ մեկ այլ պետական մարմին ինտեգրվելը կնվազեցնի ԱԱԽ-ի դերը, փոխվելու է միայն խորհրդի գործունեությունը սպասարկող և ապահովող վարչական մարմնի կարգավիճակը:

tert.am-ի հետ զրույցում Գևորգյանը շեշտել է, որ ուսումնասիրել են խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մի շարք երկրների փորձը: Նա հավելել է, որ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի իր պաշտոնավարման վրա: Ասել է, որ չեն կարող խուսափել կրճատումներից և ամեն ինչ անելու են, որպեսզի պատրաստված ու բարեխիղճ աշխատողները շարունակեն աշխատանքը: Կներգրավվեն նաև օտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերի, իսկ վերլուծական-հետազոտական աշխատանքներում համագործակցելու են նաև ոչ-պետական հատվածի, սփյուռքի և քաղհասարակության հետ:

Հարցին, թե արդյոք այս փոփոխությունը չպետք է դիտարկել հուլիսյան դեպքերի համատեքստում, Արմեն Գևորգյանն ասաց, որ կառույցի արդյունավետության ապահովման խնդիրը Սերժ Սարգսյանի կողմից դրվել է դեռևս հունիսի սկզբին:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը լավատես չէ, թե փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի անվտանգության խնդիրների վրա: «Կառույցը այսքան ժամանակ դեկորատիվ բնույթ է կրել, այժմ դժվար թե շատ լուրջ փոփոխություններ լինեն», - նկատում է Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Կարելի է ասել, որ իշխանությունները միգուցե փորձում են ինչ-որ մի ձևով լցնել այդ վակուումը, այդ դատարկությունը: Բայց քիչ լավատես եմ: Այն առումով, որ անվտանգության խնդիրները մշտապես իշխանության և աթոռի վրա ազդող խնդիրներ են եղել: Եվ Հայաստանի ոչ մի նախագահ շահագրգռված չի եղել, որ այդ խնդիրներով, բացի իրենցից, որևէ այլ մարդիկ որոշումներ կայացնեն․ կլինի դա Լեռնային Ղարաբաղի խնդիր, թե ընդհանուր առմամբ ներքաղաքական կայունության շատ լուրջ հարց, որտեղ չեմ կարծում, թե կողջունվի կոլեգիալ որոշումների կայացումը: Միգուցե իշխանությունները և նախագահները շահագրգռված կլինեն, որպեսզի պատասխանատվությունը կրեն բոլորը, բայց որոշումների կայացման իրավունքը հաստատապես ուրախ չեն լինի վերապահել և դժվար եմ կասկածում, որ կվերապահեն այլոց»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ուշագրավ է համարում, որ փաստորեն որոշումներ կայացնող նոր մարմին է ձևավորվում․ - «Հետաքրքրական է հրամանագրի ստորագրման ժամանակահատվածը՝ պայմանավորված հուլիսյան հայտնի իրադարձություններով, անվտանգության մարմիններում կադրային փոփոխություններով և ընդհանրապես իշխանության ներսում տեղի ունեցող բավական ակտիվ և տեսանելի գործընթացներով»:

Հարցին, թե արդյոք այս փոփոխությունը կապ ունի ՊՊԾ գնդի տարածքի գրավման ու դրան հետևած իրադարձությունների հետ, Բադալյանն արձագանքեց․ - «Ես ուղիղ իմաստով, իհարկե, չէի կապի, որովհետև, կարծում եմ, Անվտանգության խորհուրդն ինքնին, հատկապես աշխատակազմը որևէ դերակատարում այդ առումով չունի ստեղծված իրավիճակում: Պարզապես իրավիճակը պատեհ պահ է ձևավորել, և լուծվում են նաև այլ խնդիրներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի խնդիրը, որը այսպես թե այնպես պետք է լուծվեր՝ պայմանավորված Սահմանադրության փոփոխությամբ: Հետաքրքիր կլինի, թե արդյոք Անվտանգության խորհրդում տեղի է ունենալու «թիմային» փոխոխություն, այսինքն ոչ միայն կարգավիճակն է փոխվում և աշխատակազմը դառնում է քարտուղարություն, այլ արդյո՞ք տեղի կունենա նաև կադրային փոփոխություն և լիովին այլ կազմ կձևավորվի քարտուղարության համար: Բավական երկար ժամանակ Անվտանգության խորհուրդը չուներ քարտուղար, Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Բոլորովին վերջերս նշանակվեց Արմեն Գևորգյանը, և այստեղ հետաքրքիր հարց է, թե արդյոք «բաղդասարյանական» թիմը կփոխարինվի «գևորգյանական» թիմով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG