Մատչելիության հղումներ

«Զեկույցները ճչում էին, որ Դինքը կսպանվի»


Հրանտ Դինք, արխիվ
Հրանտ Դինք, արխիվ

Օգոստոսի 8-ին դատարանում լսվում էր Հրանտ Դինքի սպանության գործով Տրապիզոնի քրեական հետախուզության պետի նախկին տեղակալի պատասխանատվության հարցը։

«Ոստիկանության, քրեական հետախուզության զեկույցները ճչում էին Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին: Փաստաթղթերը, որոնք շատ դրվագներ են պարունակել, ակնհայտ ցույց են տվել որ այդ շրջանում, այդ մթնոլորտում Դինքի կյանքը լուրջ վտանգի տակ է», - հայտարարվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում։

Օգոստոսի 8-ին դատարանում լսվում էր Տրապիզոնի քրեական հետախուզության պետի նախկին տեղակալ Էրքան Դեմիրի պատասխանատվության հարցը։

«Այդ նույն փաստաթղթերը ձեր տրամադրության տակ են եղել, երբ ծառայել եք Տրապիզոնում: Եթե ժամանակային հերթականությամբ հետևում եք այդ փաստաթղթերին, դրանք ճչում են, դրանք ասում են, որ այդ մարդը կմեռնի։ Եթե դուք փաստաթղթերը կարդաք որպես վեպ, ապա առաջին 50 էջից հետո մինչև վերջին հասնելը, դուք կհասկանաք, որ Հրանտ Դինքը կսպանվի», - ասել է դատավորը։

Սակայն քրեական հետախուզության նախկին պաշտոնյան հերքել է իր պատասխանատվությունը՝ ասելով, թե դատարանը դարձել է Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանական բաժանմունքների միջև հաշիվներ մաքրելու վայր։

Գլխավոր դատավորը, սակայն, ասել է, թե կարծում է, որ Դինքի սպանության գործի երեք աստիճան կա. առաջին՝ նրանք, ովքեր սեղմեցին ձգանը, որոնք արդեն դատվել են, երկրորդ՝ ոստիկանական բաժանմունքի պաշտոնյաները, ովքեր հիմա դատվում են և երրորդ՝ քրեական հետախուզության աշխատակիցները, որոնց դատավարությունը դեռ սպասվում է։

Ստամբուլի դատարանի որոշմամբ, երեկ ձերբակալվել է Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից սերժանտ Էմրե Ջինգյոզը, նրան մի շարք մեղադրանքներ է առաջադրված՝ սահմանադրական կարգը փոխելու փորձի, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն անդամակցելու և դիտավորյալ սպանության առնչություն ունենալու մեջ։ Ռազմական ոստիկանության չորս այլ կասկածյալներ ազատ են արձակվել, բայց նրանք իրավունք չունեն դուրս գալ երկրից։

«Ագոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրատան դիմաց։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, ով Տրապիզոնից էր, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

Դինքի ընտանիքի անդամները, փաստաբանները, ընկերները միշտ պնդել են, որ կառավարության, ոստիկանության, հետախուզության պաշտոնյաները պատասխանատու են Դինքի սպանության համար։

Նախանցյալ տարի Թուրքիայի վերին ատյանի դատարանի որոշումը ճանապարհ բացեց անվտանգության ծառայության, ոստիկանության, պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումները վերսկսելու համար:

«Վերաբացված գործով անցնող բոլոր պաշտոնյաները Դինքի սպանության ժամանակ ծառայության մեջ են եղել Ստամբուլում, Անկարայում և Տրապիզոնում», - նշում է Hurriet Daily News-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG