Մատչելիության հղումներ

Գյուղնախարարություն․ Շեշտակի աճ է արձանագրվել պտուղ-բանջարեղենի մթերման ու արտահանման ոլորտում


Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյան

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյան

Լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ արդեն արտահանվել է 85.000 տոննա, իսկ վերամշակող գործարանների պահանջարկը աճել է 35 տոկոսով․ - «17 հազար տոննայով ավելի է լոլիկինը, հազար տոննայով ծիրանինը, 1600 տոննայով դեղձինը և 3700 տոննայով խնձորինը: Մեր վերամշակողները պատրաստ են ծավալի ավելացման դեպքում այդ ավել գյուղմթերքը մթերելու»:

Փոխնախարարի խոսքով, գործարանները պատրաստ են 48.000 տոննա լոլիկ մթերել, և արդեն մթերել են 1000 տոննա։

Գյուղացիները, սակայն, պնդում են, որ բերքը դաշտերում է մնացել։

Նախորդ շաբաթ Արմավիրի հինգ գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել։ Գյուղացիների պնդմամբ՝ միայն այս ծայրահեղ քայլից հետո գործարանատերերը եկան ու խոստացան տանել լոլիկը, սակայն՝ շուկայականից ցածր գնով։ Իսկ գործարանատերերից մեկը, նրանց փոխանցմամբ, գումարը պատրաստ է միայն դեկտեմբերին վճարել։

Արմավիրցիները, սակայն, չեն ուզում խաղողի օրինակով մթերված լոլիկի գումարին ամսիներ շարունակ սպասել․ - «Ոչ մեկն էլ համաձայն չի: Ես ո՞րդից էսօր փող ճարեմ, հայթայթեմ, որ տանեմ տամ աշխատողին, բերեմ պամիդորը լցեմ մեքենան, տանեմ հանձնեմ․․․ վարկե՞րը ով պտի փակի»:

Փոխնախարարը գյուղացիների այս ակցիան նախազգուշական է անվանում։ Ասում է՝ լոլիկը դեռ չհասած գյուղացիները աղմուկ էին բարձրացրել։ Նրա խոսքով, ժամանակավոր այս խնդիրները հաղթահարելու համար իրենց նեղություն պետք է տան և՛ գործարանատերերը և՛ գյուղացիները․ - «Պայմանագիր ա կազմվում, մաս-մաս վճարվում է: Դրանից ողբերգություն պետք չի սարքել: Ցանկացած մարդ էլ ուզում ա ապրանքը վաճառելուց անմիջապես ստանա: Բայց պետք ա մենք ելնենք նաև մեր հնարավորություններից»:

Ռոբերտ Մակարյանը հերքեց գյուղացիների պնդումները, թե արտերկրից ներկրվում է լոլիկի և խաղողի էժան հումք, ինչի հետևանքով տեղականը չի գնվում․ - «Բամբասանքներով, պատերի տակի խոսակցություններով․․․ կոնկրետ էդ գյուղացին եթե գիտի, որ ինչ-որ մեկը լոլիկ է մթերում․․․ կոնկրետ պետք ա նշի, որպեսզի մենք իմանանք ով է հասցեատերը: Անընդհատ պարզաբանում ենք․ մեկը մի բան ասում է, մենք հերքում ենք»:

Խաղողագործությունը զարգացնելու նպատակով, Մակարյանի փոխանցմամբ, կառավարությունը ստեղծել է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Ինչ վերաբերում է խաղողի մթերման պարտքերին, ապա, ըստ փոխնախարարի, տոկոսային հարաբերությամբ չնչին են․ 31.5 միլիարդ դրամից չի վճարվել 830 միլիոն դրամը, բայց կազմված են գրաֆիկներ և գյուղացիների պարտքը մարվում է։

«Արենի» տեսակի խաղող արտադրող Աղավնաձորում բնակիչները, սակայն, պնդում են, որ «Վեդի ալկո» ընկերությունն իրենց հետ ժամանակացույց չի կազմել։ Գործարանի ղեկավարությունից գյուղացիներին, վերջիններիս խոսքով, փոխանցել են, թե կվճարեն այն ժամանակ, երբ գումար կլինի։ Նրանք էլ արդեն տասը ամիս է սպասում են։

Աղավնաձորցի Հայկազ Ասատրյանի խոսքով, ոստիկանները, տեղեկանալով, որ գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել, երեկ իր տուն էին եկել․ - «Ասում եմ՝ ի՞նչն ա ստիպել ձեզ, որ դուք էկել եք: Ասում ա՝ կարող ա իջնեք, գիծը փակեք: Ասի՝ չէ, գիծը չենք փակելու, սրանից հետո դպրոցն ենք փակելու»:

XS
SM
MD
LG