Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլի. Մենք Վրաստանը կմիավորենք ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի

Լրացավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ութ տարին:

Ութ տարի առաջ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ցխինվալիում սկսվեցին ռազմական գործողությունները վրացական ու հարավօսական զինված ուժերի միջև: Մի քանի ժամ անց հակամարտությունը վերածվեց ռուս-վրացական պատերազմի՝ ծանր ռազմական տեխնիկայի և ավիացիայի գործադրմամբ:

Հինգ օր շարունակված պատերազմն ավարտվեց՝ խաղաղ կարգավորման մասին «Մեդվեդև-Սարկոզի» պլանի ստորագրմամբ։ Միջազգային հանրությունը պնդում է, որ Ռուսաստանը առ այսօր այդ փաստաթղթի և ոչ մի կետ չի իրականացրել։

2008-ի օգոստոսյան իրադարձություններից տարիներ անց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները մնում են փակուղային։

Մինչ կողմերը միմյանց են մեղադրում պատերազմը սկսելու մեջ, Միջազգային քրեական դատարանը հայտարարեց ռուս-վրացական պատերազմը քննելու մասին։ «Գտնել և պատասխանատվության ենթարկել հնգօրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց», - ասվում է Հաագայի դատարանի հայտարարության մեջ։

Հնգօրյա պատերազմի ընթացքում տարբեր կողմերից հնչող գնահատականների համաձայն, զոհվել է մոտ 400 խաղաղ բնակիչ: Հարավային Օսիայում բնակվող 15 հազար վրացիները ստիպված էին լքել մշտական բնակության վայրերը:

Ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ, վրացական կողմից պատերազմի առաջին ժամերին իրականացված հարձակումների ու գնդակոծությունների հետևանքով զոհվել էին Հարավային Օսիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանման 15 զինծառայողներ:

Երկուշաբթի օրը, Վրաստանի ղեկավարությունը Թբիլիսիի Մուխաթգվերդիի պանթեոնում էր` հարգանքի տուրք մատուցելով պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին:

Վրաստանի ներկայիս իշխանությունների հայտարարությունները, սակայն, էապես տարբերվում են 2008-ին իշխող Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմի հայտարարություններից: Այսօր պաշտոնական Թբիլիսին խոսում է առանց վրեժխնդրության կոչերի, ավելին՝ խաղաղության ուղերձներ հղելով։

«Մենք Վրաստանը կմիավորենք ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ», - հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համոզված է, որ Վրաստանը պետք է հետևողականորեն շարունակի աբխազների և օսերի հետ հաշտեցման քաղաքականությունը։

«Ռուս-վրացական պատերազմը ռուս-ուկրաինական պատերազմի նախերգանքն էր», -հայտարարել է 2014 թվականից Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

«2008-ին Տրանսատլանտյան հանրության համատեղ ջանքերը դեռ կարող էին մեկուսացնել գիշատիչ արջին իր որջում։ Սակայն դասերը ժամանակին չեն սերտվել», - ափսոսանք է հայտնել նախագահ Պորոշենկոն։

XS
SM
MD
LG