Մատչելիության հղումներ

Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու որոշման հետ


Աշոտ Կարապետյան, արխիվ

Աշոտ Կարապետյան, արխիվ

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշման հետ։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ պատճառների մասին չի ցանկանում խոսել, բայց պատրաստ է ցանկացած հրաման կատարել։

«Ես, որպես զինվորական, պատճառ չեմ ասում և պատրաստ եմ ցանկացած հրաման, հրահանգ անելու, և ամեն հրաման էլ իրա տեղին է, իրատեսական է», - ասաց Երևանի նախկին ոստիկանապետը։

Հարցին, թե համաձայն է այդ հրամանի հետ, Կարապետյանը պատասխանեց. - «Իհարկե համաձայն եմ»։

Մեկ այլ հարցի, թե արդյոք պատրաստ է վերադառնալ ակտիվ աշխատանքի, Երևանի նախկին ոստիկանապետը պատասխանեց. - «Ամեն ինչ որոշվում է: Երբ որ կորոշվի, մի անհանգստացեք․․․ ես կադրերի ռեզերվում եմ»։

Պատճառների մասին Կարապետյանը խորհուրդ տվեց ոստիկանության լրատվական ծառայությունից հարցնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ասաց, որ պաշտոնական հաղորդագրություններին ավելացնելու ոչինչ չունի։ Երեկ տարածված հայտարարությունում ասվում էր, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով Կարապետյանը կարգապահական տույժի էր ենթարկվել, այնուհետև հեռացվել պաշտոնից։

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն է հայտարարություն տարածել, պնդելով, որ Սարի թաղի դեպքերի համար պատասխանատու է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և նա պետք է հեռացվի պաշտոնից։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Երանոսյանը երեկվանից արձակուրդ է գնացել՝ մինչև սեպտեմբերի 6-ը։

«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Աշոտ Կարապետյանին պաշտոնանկ անելու և Երանոսյանին արձակուրդ ուղարկելու փոխարեն նրանց պետք էր քրեական պատասխանատվության ենթարկել։

«Ըստ էության՝ նրանք իրենց պաշտպանում են: Եթե դու չես իրականացնում քրեական հետապնդում, ապա դու իրենց պաշտպանում ես», - ասում է պատգամավորը:

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով ինչպես Փոստանջյանը՝ ներկա է եղել Սարի թաղի դեպքերին, ասում է՝ առաջինը բռնության և անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատվության պետք է ենթարկվեր և պաշտոնանկ արվեր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, քանի որ նա և՛ պաշտոնով, և՛ կոչումով Սարի թաղում գտնվող ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր։

«Նա էլ, Աշոտ Կարապետյանն էլ պիտի անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ցանկացած փաստաբանի հարցրեք՝ առնվազն 10 քրեական հոդված կբերեն, որոնք ուղիղ վերաբերում են իրենց և հանցակազմերը առկա են», - ասում է Բարսեղյանը:

Բարսեղյանը կարծում է, որ Կարապետյանի հեռացումը ցուցադրական քայլ էր, և քանի դեռ իրական քննություն չի իրականացվում, պաշտոնանկությունները ոչինչ չեն փոխի։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով Սարի թաղի դեպքերի և այդ օրերին ոստիկանության բռնությունների համար պատասխանատվության պետք է ենթարկվեն հրաման տվողները և «Ժառանգությունը» հենց դա է պահանջում։ Պատգամավորը նաև կարծում է, որ Հայաստանի ոստիկանության համակարգում պետք է կրճատումներ լինեն, քանի որ ոստիկանների թիվը Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց մեծ է:

XS
SM
MD
LG